Կիպրոսի թուրքական մասում հունական գերեզմանոցը պղծել են

Թուրքերը պղծել են Կիպրոսի թուրքական մասում գտնվող հունական գերեզմանոցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական demokrathaber.net լրատվական կայքը, թուրք ուսանող Բիլալ Բաշթեմիրը իր նախագծած հագուստների ֆոտոսեսիայի լուսանկարներն արել է Գիրնեի հունական ուղղափառ գերեզմանոցում’ գերեզմանների վրա եւ հրապարակել իր վեբ կայքում: Նրա այդ արարքը աղմուկ է բարձրացրել կղզում:

Հունական մամուլը, մասնավորապես, Fileleftheros թերթը, թուրք ուսանողի արարքը բնութագրել է «բարբարոսություն» եւ «դիակապտություն»: Կիպրոսի հունական ուղղափառ եկեղեցին բողոք է ուղարկել կղզու թուրքական հատվածի կրոնական հարցերով վարչությանը, ՄԱԿ-ին եւ Եվրամիությանը: Թուրքական հատվածի կրոնական վարչության ղեկավար Թալիփ Աթալայը ներողություն է խնդրել կատարվածի համար, իսկ թուրք ուսանողը վեբ կայքից հանել է այդ խայտառակ լուսանկարները եւ նշել, որ զղջում է «անխոհեմ գործողություն» թույլ տալու համար: Թեման շրջանառվել է նաեւ Հունաստանի ա ռաջատար ԶԼՄ-ների առաջին էջերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում