Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շուտով կկարգավորվեն. Դավութօղլու

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կկարգավորվեն, դա կարող է տեղի ունենալ մոտակա «օրերի, շաբաթների կամ ամիսների» ընթացքում: Այս մասին իսրայելյան «Կոլ Իսրայել» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Դավութօղլուն ասել է, որ իսրայելյան կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել 2010 թ. մայիսի 31-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի’ իսրայելցի զինծառայողների կողմից գրավելու ժամանակ զոհված թուրքերի ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու շուրջ:

Թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է նաև, որ Անկարայի և Երուսաղեմի միջև մերձեցմանն օժանդակում է պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու հարցում առաջխաղացումը:

Ենթադրվում է, որ խոսքը Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը հանելու կամ թուլացնելու հանգամանքների մասին է, ինչը չեն հաստատում և չեն մեկնաբանում պաշտոնական աղբյուրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում