Բորդյուժան Մինսկում կներկայացնի «գունավոր հեղափոխություններին» հակազդելու հարցում ՀԱՊԿ-ի մոտեցումները

Մինսկում ապրիլի 10-ին «կլոր սեղանի» մասնակիցները կքննարկեն «գունավոր հեղափոխություններին» հակազդելու եղանակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՀԱՊԿ-ի քարտուղարության հաղորդագրության մեջ:

«Մինսկում կանցկացվի «Իշխանության եւ հասարակության փոխգործակցությունը արտաքին միջամտությանը եւ «գունավոր հեղափոխություններին» հակազդելու նպատակով» թեմայով «կլոր սեղան», որտեղ զեկույցով հանդես կգա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա կպատմի «գունավոր հեղափոխությունների» վրա արտաքին գործոնի ազդեցության եւ այդ հարցում ՀԱՊԿ-ի մոտեցումների մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ: «Կլոր սեղանի» ընթացքում կքննարկվեն արտաքին միջամտության մեխանիզմները (ԽՍՀՄ, Ռուսաստան, Հարավսլավիա, Աֆղանստան, Իրաք, Ուկրաինա, Վրաստան, Ղրղզստան, Թունիս, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա), ինչպես նաեւ արտաքին ուժերի կողմից սադրիչների (վարձկանների, ահաբեկիչների ու ծայրահեղականների) օգտագործումը:

Հատուկ ուշադրություն կդարձվի «գունավոր հեղափոխություններին» հակազդելու տեխնոլոգիաներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում