Գյուլն ու Էրդողանը դռփակ հանդիպում են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 10-ի երեկոյան հանդիպել է նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հանդիպումը, որը տեղի է ունեցել փակ դռների հետևում, տևել է մեկ ժամ և տասը րոպե: Հանդիպման առանցքային թեման, ինչպես ենթադրելի է, եղել է նախագահական ընտրություններում նրանցից որևէ մեկի առաջադրման հարցը:

Կողմերի միջև հանդիպումն առաջինն էր այն բանից հետո, ինչ Գյուլը լրագրողներին հայտնել էր, որ եկել է ժամանակը խոսելու նախագահական ընտրություններում առաջադրվելիք թեկնածուների վերաբերյալ: Հանդիպումից հետո առայժմ հայտնի չէ կողմերն ինչ եզրակացության են եկել:

Թուրքիայում մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսացկության հաղթանակից հետո ավելի շատացան խոսակցություններն այն մասին, որ օգոստոսին կայանալիք նախագահական առաջին համաժողովրդական ընտրություններում հաղթող ամենահավանական թեկնածուն հենց վարչապետն է: Այս մասին հայտարարություններ արեցին այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում