Գերագույն ռադան պետք Է որոշում ընդունի տեղական հանրաքվեի մասին. Յացենյուկ

Գերագույն ռադան պետք է որոշում ընդունի տեղական հանրաքվեի վերաբերյալ: Այդ մասին փոխվարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Ուկրաինայի հարավարեւելյան տարածաշրջանների ղեկավարության եւ ակտիվի ներկայացուցիչների հետ ապրիլի 11-ին Դոնեցկում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՕստրոՎ»-ին:

«Խորհրդարանը պետք Է օրենք ընդունի տեղական հանրաքվեի մասին»,-ասել Է նա, հավելելով, որ համապատասխան փոփոխություններ պետք Է մտցվեն նաեւ համաուկրաինական հանրաքվեի մասին օրենքում:

Դոնբասի ներկայացուցիչների կարծիքով, որոնք մասնակցել են Յացենյուկի հետ հանդիպմանը, դա տարածաշրջանի բնակիչներին հնարավորություն կտա օրինական հիմունքներով որոշումներ ընդունել իրենց համար «կենսականորեն կարեւոր» հարցերում:

Ներկայում Ուկրաինայի՝ որպես ունիտար պետության օրենսդրությունը տարածաշրջաններում հանրաքվեներ անցկացնելու հնարավորություն չի նախատեսում, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:

Յացենյուկը նաեւ հայտարարել Է, թե կենտրոնական իշխանությունը պատրաստ Է ոչ միայն երկխոսություն սկսել տարածաշրջանների հետ, այլեւ կատարել Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու օրինական պահանջները:

Վարչապետը նշել Է սահմանադրական բարեփոխման անցկացման կարեւորությունը, որի շրջանակներում, նրա խոսքով, կիրականացվի իշխանական լիազորությունների փոխանցումը տեղերին: «Մարզային պետական վարչակազմ կոչվող ինստիտուտը պետք Է մնա անցյալում»,-ասել Է նա:

Յացենյուկն ընդգծել Է, որ Սահմանադրության փոփոխման շրջանակներում «մենք ցանկանում ենք կարգավորել լիազորությունները խորհրդարանի, նախագահի եւ նախարարների կաբինետի միջեւ»:

Նա նաեւ նշել Է, թե «մեր համատեղ խնդիրն Է՝ հավասարակշռել իշխանությունը կենտրոնի եւ տարածաշրջանների միջեւ»:

Միաժամանակ Յացենյուկն ասել Է, թե Ուկրաինան «երբեք եւ ոչ մի պարագայում» չի սահմանափակի լեզուների գործածումը, որոնցով քաղաքացիներին հարմար Է խոսել երկրում: Նա հավաստիացրել Է, որ կառավարությունն «անփոփոխ Է լեզվական քաղաքականության հարցում»: Յացենյուկը նաեւ նշել Է, որ երկրում շարունակում Է գործել «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքը, որը հնարավորություն Է ընձեռում Ուկրաինայում տարածաշրջանայինի կարգավիճակ տալ տարբեր լեզուների»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում