Moody’s-ը Թուրքիայի վարկային վարկանիշը «բացասական» է գնահատել

Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը Թուրքիայի անկախ վարկային վարկանիշի գծով կանխատեսումը «կայուն» նիշից իջեցրել է մինչեւ «բացասական»’ կապված այդ երկրում քաղաքական անորոշության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ կանխատեսման իջեցման մասին որոշումը բխում է «քաղաքական անորոշությամբ պայմանավորված գլոբալ իրացվելիության նվազման պատճառով արտաքին ֆինանսավորման առումով Թուրքիայի դիրքերի վրա ճնշման աճով»:

Բացի այդ, Moody’s-ի փորձագետները մատնանշում են «ՀՆԱ-ի աճի ցուցանիշների կարճաժամկետ նվազումն ու միջնաժամկետ աճի միտումների վերաբերյալ մեծացող անորոշությունը»: Այդ հանգամանքը, մասնավորապես, շաղկապվում է «Թուրքիայում ներքին քաղաքական հուզումների հետ»:

Ընթացիկ վարկանիշը նախկին մակարդակի հաստատելու համար որպես հիմնավորում փորձագետները, մասնավորապես, նշում են «ուժեղ ֆիսկալ (գանձապետարանի) ցուցանիշները» եւ չափերով, եկամուտների մակարդակով եւ տնտեսական դիվերսիֆիկացիայով թուրքական էկոնոմիկայի կայունությունը:

Թուրքիան, մասնավորապես, ցնցում են դեկտեմբերից սկսված կոռուպցիոն սկանդալի հետեւանքները, որի հեղինակները թուրքական կառավարության ներկայացուցիչների, այդ թվում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգականներն են: Մեղադրանքները ներկայացվել են կոռուպցիոն սկանդալի հետ կապված կաշառակերության մասին գործով անցնող 24 անձանց նկատմամբ: Էրդողանը հակակոռուպցիոն գործողությունները անվանել է «կառավարության դեմ ուղղված կեղտոտ արշավ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում