Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջան կայցելի

Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջան կայցելի

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մոտ օրերին կժամանի Դաղստանին սահմանակից Ադրբեջանի հյուսիսային’ Գուբա քաղաք, որտեղ արդեն գտնվում է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը: Այս մասին հայտնում է virtual.az լրատվական կայքը’ հղում կատարելով Dogru TV տեղական հեռուստաալիքին:

Ըստ տեղեկություններ, Ռուսաստանի նախարարը ներկայում գտնվում է Գուբայի Rixos հյուրանոցում: Արդեն Գուբա են մեկնել Ադրբեջանի բարձրաստիճան անձինք, մասնավորապես, տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը եւ ՆԳՆ մի շարք աշխատակիցներ:

Ադրբեջանական կայքը հայտնում է, որ մի քանի օր հետո Գուբա կժամանեն Դմիտրի Մեդվեդեւը եւ Դաղստանի նախագահ Ռամազան Աբդուլաթիփովը: Նշվում է նաեւ, որ Ռուսաստանի վարչապետը Գուբա է ժամանելու իր տիկնոջ’ Սվետլանա Մեդվեդեւայի հետ: Հյուրերը Գուբայում կմնան երեք օր:

Տարօրինակ այդ այցերի հետ կապված’ կայքը հայտնում է, որ Գուբայի Գըմըլգազմա գյուղում ՌԴ վարչապետին 5 հա տարածքով վիլլա է նվիրվելու, որն արդեն պատրաստ է բնակության:

«Ենի Մուսավաթ» թերթն էլ հավելել է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներին մասնակցելու են նաեւ Իրանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Այդ հանդիպումների նպատակը դեռեւս հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում