Ազիմովի հայտարարությունը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է. ԼՂՀ ԱԳՆ

Ազիմովի հայտարարությունը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է. ԼՂՀ ԱԳՆ

Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հակամարտության գծով այդ երկրի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը նախօրեին մեղադրանքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին եւ պահանջել հետ կանչել նրան այն բանի համար, որ նա ցանկություն է հայտնել հանդիպել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ:

Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ հարցին ի պատասխան նշվել է, որ այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։

«Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին»,-ասված է մեկնաբանության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում