Քարվաճառը տոնում է Մայիսյան եռատոնը
Նմանատիպ
Այսօր, մայիսի 9-ին, Արցախի Քարվաճառ քաղաքում նշվեց մայիսյան եռատոնը’ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի ու Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձերը: Տոնի կապակցությամբ քաղաքի դպրոցի աշակերտները, ուսուցիչները, տեղական ղեկավարության ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչները քայլերթով շարժվեցին դեպի արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար, ծաղիկներ ու ծաղկեպսակ զետեղեցին այնտեղ: Քայլերթի ընթացքում Քարվաճառի դպրոցի աշակերտները բարձր պահած տանում էին Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դրոշները:
Այնուհետ Քարվաճառի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցած տոնական միջոցառում: Միջոցառումն իր ողջույնի խոսքով բացեց Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանը: Նա կարճ ակնարկեց պատմությանը, խոսեց Արցախյան հերոսամարտից ու հատկապես կարեւորեց Շուշիի ազատագրման կարեւորությունը: Պյոտր Հակոբյանը բազում հաղթանակներ ու խաղաղություն մաղթեց հայ ժողովրդին:
Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Քարվաճառի զորամասի զինծառայող Գրետա Զուբկոն: Նա շնորհավորեց մայիսյան հաղթանակները, խոսեց ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած կարեւորագույն հաղթանակից: Խոսելով Արցախյան պատերազմի մասին, նա նշեց, որ Շուշիի ազատագրումը մեր կարեւորագույն հաղթանակն էր: «Այս հաղթանակը ցույց տվեց, որ հայը պետք է հույսը միշտ իր բանակի վրա դնի: Փառք մեր բոլոր ընկած զինվորներին ու վետերաններին»: Իր ելույթի վերջում նա կոչ արեց հայ ազգին միշտ միասնական լինել’ ի նպաստ հայոց բանակի հզորացման:
Այնուհետեւ Շուշիի ազատագրման օրվա տարեդարձի առթիվ եղան պարգեւատրումներ’ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի կողմից:
Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով, որը կազմակերպել էին Շահումյանի շրջանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնն ու Շահումյանի շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները կատարեցին հայրենասիրական երգեր, երախտիքի խոսք ասացին հայ զինվորների մայրերին, հայ զինվորներին մաղթեցին բազում հաղթանակներ ու խաղաղ երկինք:
Մշակույթի եւ Երիտասարդության կենտրոնի ժողովրդական երգի համույթը ներկայացրեց հայրենասիրական երգեր, երաժշտական կատարումներ, իսկ կենտրոնի պարի խմբի սաները կատարեցին ազգային պարեր:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում