Մոսկվան Եվրամիության քաղաքականությունը համեմատել է առանց մեքենավարի սարից իջնող շարժակազմի հետ

Մոսկվան Եվրամիության քաղաքականությունը համեմատել է առանց մեքենավարի սարից իջնող շարժակազմի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունում չկշռադատծված են համարում Եվրամիության պատժիչ ցուցակի հերթական ընդլայնումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ պատժիչ շարժակազմը սարից այնպես է իջնում, ասես դրանում չկա մեքենավար՝ բացարձակապես անմիտ, անպատասխանատու եւ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող քաղաքականություն է»,- հայտարարել է նա:

«Իրադրության իրական բարելավման, ապաէսկալացման, «Աջ հատվածի» զինաթափման, տարածաշրջանների հետ Կիեւի իշխանությունների ուղղակի երկխոսության հաստատման մասին հոգ տանելու փոխարեն Եվրամիության գործընկերները դրսեւորում են իրենց քաղաքականության միակողմանի, միաչափ բնույթը, ինչը վայել չէ Եվրամիությանը»,- ասել է դիվանագետը:

ԵՄ-ի նոր «սեւ ցուցակում» ներառվել են Պետդումայի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Պլիգինը, ՌԴ-ի նախագահի վարչակազմի առաջին փոխղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ-ի օդադեսանտային զորքերի հրմանատար Վլադիմիր Շամանովը: Բացի այդ, ցուցակում տեղ են գտել Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, Համերկրային միգրացիոն ծառայության Ղրիմի վարչության ղեկավար Պյոտր Յարոշը, Սեւաստոպոլի նրա պաշտոնակից Օլեգ Կոժուրան, Սլավյանսկի «ժողովրդական քաղաքագլուխ» Վյաչեսլավ Պոնոմարյովը, Ուկրաինայի խորհրդարան ի պատգամավոր Օլեգ Ցարյովը, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ղեկավար Ռոման Լյագինը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Մալիխինը եւ ուրիշներ:

Հերթական պատժիչ միջոցները, որոնք կսկսեն գործել մայիսի 13-ից, ձեռնարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ: Ավելի վաղ ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել 48 ռուսաստանցիների եւ ուկրաինացիների նկատմամբ: Արգելված է նրանց մուտքը ԵՄ-ի երկրներ, իսկ նրանց հաշիվները սառեցված են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում