Ադրբեջանը կրկին «անհայտացրել է» հայկական գերեզմանների հետքերը

Ադրբեջանը կրկին «անհայտացրել է» հայկական գերեզմանների հետքերը

Բաքվում գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինծառայողների Եղբայրական գերեզմանոցում հայերի գերեզմանների վրա «անհայտ» գրություն է փակցվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական kulis.az լրատվական կայքը:

Հաղթանակի օրվա’ մայիսի 9-ի առնչությամբ կայքի թղթակիցը այցելել է Բաքվի Սաբունչիի շրջանում գտնվող Եղբայրական գերեզմանոց, որտեղ նա իր հոր հետ հաճախ էր եղել մանկության տարիներին: Թղթակցին զարմացրել էր այն փաստը, որ գերեզմանոցի դուռը փակ է եղել, եւ իրենք դժվարությամբ են գտել պահակին:

Գերեզմանոցի պահակ Մուրսալ քեռին kulis.az-ի թղթակցին պատմել է, որ երեք-չորս տարի առաջ գերեզմանոցը ներկայիս վայրից մի քիչ այն կողմ էր, որտեղ այժմ բենզալցակայան է: «Գերեզմանոցը տեղափոխեցին այստեղ: Գերեզմանների վրայի բարձր քարերը հանեցին եւ գետնից մի քիչ բարձր քարեր դրեցին: Նախապես բոլոր գերեզմանները ցուցակագրեցին, որ չշփոթեն դրանք: Պատերազմի տարիներին այստեղ թաղել են Բաքվի հոսպիտալում մահացած զինվորներին: Գերեզմանոցում թաղված են խորհրդային բանակի 448 զինծառայող’ ռուսներ, լատիշներ, ուզբեկներ, թուրքմեններ, վրացիներ, ուկրաինացիներ», -ասե լ է պահակը:

Թղթակցի այն հարցին, թե գերեզմանոցում հայե՞ր էլ կան թաղված, պահակը պատասխանել է, որ հայեր էլ կան թաղված, սակայն, գերեզմանոցի տեղափոխությունից հետո նրանց գերեզմաններին, որոնք մոտ 30-ն են, այժմ գրված է «անհայտ»:

Պահակի խոսքով, գերեզմանոց այցելում են միայն վետերաններն ու դպրոցականները, այն էլ միայն մայիսի 9-ին: Մնացած օրերին, կարելի է ասել, այցելու չի լինում, իսկ հատուկենտ այցելուներն էլ հարբեցողներ կամ չարաճճի երեխաներն են, որոնք ջարդում են գերեզմանաքարերն ու ցուցանակները: Շատ ցուցանակներ պոկված ընկած են գետնին, եւ որեւէ մեկը հեշտությամբ կարող է փոխել նրա տեղը:

Թղթակցի խոսքով, անմխիթար վիճակում է նաեւ գերեզմանոցում գտնվող պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը. շատ սալիկներ պոկված եւ ջարդված են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում