Իսրայելական Քնեսեթում քննարկել են Հայոց Ցեղասպանությունը

Իսրայելական Քնեսեթում քննարկել  են Հայոց Ցեղասպանությունը

Հրեաները պետք է ճանաչեն հայ ժողովրդի տառապանքը’ թեկուզև առանց որևէ մեկին մեղադրելու: Այս մասին Հայոց ցեղասպանության մասին լիագումար նիստում քննարկման ժամանակ հայտարարել է Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Քնեսեթի անդամ, «Մերեց» կուսակցության ղեկավար Զևա Գալ-օնի նախաձեռնությմաբ օրակարգ բերված հարցի քննարկման ժամանակ Էդելշտեյնը նշել է, որ քննարկումը չի մեղադրում որևէ ժամանակակից պետության, այլ ցույց է տալիս, որ իրենք նույնացնում են իրենց կոտորածի զոհերի և դրա սարսափելի հետևանքների հետ: «Մենք չենք մեղադրում, մենք գործում ենք իբրև հրեաներ և հավատարիմ ենք ճշմարտությանն ու այլ ժողովրդի տառապանքներին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և զսպել մարդկային արժեքները դիվանագիտական կամ քաղաքական զգուշությունից ելնելով»,- ասել է Էդելշտեյնը:

Քնեսեթի անդամ Գալ-օնը կոչ արեց կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախքան հաջորդ տարի դրա հարյուրամյա տարելիցը: Նա ընդգծեց, որ պետությունը իր ներկա շահերը պետք է զոհաբերի հանուն ցեղասպանության ճանաչման: «Ամեն անգամ այլ է քաղաքական իրադրությունը: Երբ մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերություններին, մենք չենք ճանաչում Ցեղասպանությունը, սակայն հետո տեղի ունեցան Մավի Մարմարայի դեպքերը և մենք փոխեցինք մեր կարծիքը»,- նշել է Գալ-օնը: Ընդգծելով, որ Քնեսեթի անդամների զգալի մասը Հոլոքոսթի վերապրածների երեխաներն են, Մերեց կուսակցության առաջնորդն ասաց, որ որպես Հոլոքոստը վերապրած ազգ իրենք չեն կարող շարունակել հերքել Հայոց ցեղասպանությունը:

Քնեսեթի մեկ այլ անդամ Ռեուվեն Ռիվլինն այս կապակցությամբ նշել է. «Ինձ համար բարդ է ներել մյուս ազգերին մեր ողբերգությունը հերքելու համար, և մենք չենք կարող հերքել մյուս ազգի ողբերգությունը: Դա մեր բարոյական պարտականությունն է որպես ժողովուրդ և իբրև հրեաներ»: Նրա համոզմամբ’ վերջերս Էրդողանի արած հայտարարությունը կապված է այն փաստի հետ, որ ավելի ու ավելի շատ երկրներ, այդ թվում և Իսրայելը, հրաժարվում են հերքել Ցեղասպանությունը:

Հրեաների ‘ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտականության մասին է խոսել նաև Իսրայելի զբոսաշրջության նախարար Ուզի Լանդաուն: «Լավ է, որ Քնեսեթը նշում է այս ողբերգությունները: Իսրայելական պետությունը երբեք չի ժխտել կատարվածը: Մենք հուսով ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կվավերացնեն մի քանի տարի առաջ ստորագրած համաձայնագիրը և կշարունակեն ունենալ բաց, խորքային երկխոսություն, որը կօգնի նրանց բուժել այն վերքերը, որոնք մի քանի տասնամյակ է բաց են մնացել»,- ասել է Լանդաուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում