Թուրքիայում քարկոծել են վարչապետ Էրդողանի ավտոմեքենան

Թուրքիայում քարկոծել են վարչապետ Էրդողանի ավտոմեքենան

Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա ավանի ածխահանքում տեղի ունեցած աղետի հետ կապված Թուրքիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Սոմայում կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները քարկոծել են երեկ աղետի վայր ժամանած Թուրքիայի վարչապետ Էրդողանի ավտոմեքենան:

Ցուցարարները նրան դիմավորել են’ անվանելով «Մարդասպան», «Գող», «Վարչապետը պետք է հրաժարական տա» պաստառներով: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Էրդողանը մեքենայից իջել է, որպեսզի զրուցի ցուցարարների հետ, սակայն, վախենալով զայրացած ամբոխից, արագ մտել է հարեւանությամբ գտնվող առեւտրի խանութ, մի փոքր սպասել’ անվտանգ հեռանալու համար:

Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ երեկ գիշերվա դրությամբ, պաշտոնական տվյալներով, Սոմայի ածխահանքում զոհված հանքափորների թիվը կազմել է 278, սակայն, ընդդիմության տվյալներով’ ածխահանքում զոհվածների թիվը գերազանցում է 350-ը: Պայթյունի ժամանակ հանքափորում գտնվել են 787 աշխատողներ, իսկ 2 կմ խորության վրա’ 450 հանքափորներ: 88 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնցից 20-ը’ փրկարարներ: Նախնական վարկածով’ ածխահանքում հրդեհը ծագել է էլեկտրական ենթակայանում կարճ միացման պատճառով: Նշվում է, որ հանքափորները հիմնականում մահացել են շմոլ գազով թունա վորվելու հետեւանքով:

Ածխահանքում տեղի ունեցած մեծ թվով մարդկանց զոհվելու կապակցությամբ Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել: Երկրի նախագահը, վարչապետը եւ մյուս ղեկավարները չեղյալ են հայտարարել արտասահմանյան այցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում