Թուրքիան եւ Իսրայելը համաձայնագիր կստորագրեն

Թուրքիան եւ Իսրայելը համաձայնագիր կստորագրեն

Թուրքիան եւ Իսրայելը որոշել են արդեն մի քանի տարի տեւող լարված հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Times of Israel թերթը, համաձայնագիրը, որը վերջ կդնի թուրք-իսրայելյան քառամյա երկպառակությանը, կստորագրվի Ճապոնիայից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերադարձից անմիջապես հետո:

Իսրայելյան թերթը հայտնում է, որ կողմերը պայմանավորվել են բոլոր վիճելի հարցերը լուծելու, մասնավորապես, «Մավի Մարմարա» նավում զոհված 9 թուրքերի ընտանիքներին 20 մլն դոլար փոխհատուցում վճարելու շուրջ:

2010 թ. մայիսի 31-ին Գազա ուղեւորվող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորների հարձակման հետեւանքով թուրք քաղաքացիների զոհվելու միջադեպի համար Նեթանյահուն ափսոսանք էր հայտնել դեռ անցյալ տարի: Թուրքական կողմը Պաղեստինի Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու մասին հարցը չի մտցրել ստորագրվելիք համաձայնագրի կետերի մեջ, ինչի մասին պնդում էր 4 տարի շարունակ: Ենթադրվում է, որ համաձայնագրի ստորագրումից հետո, որպես մերձեցման առաջին քայլ, Անկարան եւ Երուսաղեմը դեսպաններ կփոխանակեն:

Թերթը հայտնում է, որ թուրքերն ավելի շատ են ձգտում շուտափույթ հաշտվել, քան իսրայելցիները, եւ հավելում, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստ է դեսպանին Թել Ավիվ ուղարկել արդեն պայմանագրի ստորագրման հաջորդ օրն իսկ: Դա հաստատում է նաեւ վերջին շրջանում Իսրայելի նկատմամբ Անկարայի համար անսովոր զսպվածությունը վերջերս իսրայելա-պաղեստինայն բանակցային գործընթացի տապալումից հետո: Իսրայելը չեղյալ է հայտարարել պաղեստինցի կալանավորների ազտաումը, շարունակում է Երուսաղեմի արեւելյան հատվածում շինարարությունը եւ հրաժարվել է շարունակել բանակցությունները «Համաս» եւ «Ֆաթհ» կազմակերպությունների հաշտվելուց հետո, ինչը ողջունել էր Անկարան:

Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքում ածխահանքում տեղի ունեցած աղետի հետ կապված Իսրայելը Թուրքիային բժշկական օգնություն է առաջարկել’ հանքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ հանքափորներին փրկելու համար, ինչի հետեւանքով, վերջին տվյալներով 287 մարդ զոհվել, հարյուրավոր մարդիկ էլ վիրավորվել են: Անկարան դեռեւս չի պատասխանել: Աղետի հետ կապված’ Թուրքիայում եռօրյա համազգային սուգ հայտարարվելու կապակցությամբ Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը չեղյալ է հայտարարել անկախության 66-րդ տարեդարձի առնչությամբ նախատեսված միջոցառումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում