Բիձինա Իվանիշվիլին ետնաբեմից շարունակում է ղեկավարել Վրաստանը

Բիձինա Իվանիշվիլին ետնաբեմից շարունակում է ղեկավարել Վրաստանը

Վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանի քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան: Անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը փոխվեց առանց հեղափոխության, ցնցումների եւ արյունահեղության: Կովկասյան խաղաղության զարգացման եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Գիա Նոդիայի գնահատմամբ’ Բիձինա Իվանիշվիլին իր «Վրացական երազանք»-ով բերեց նոր մոտեցումներ, նոր հույսեր, որոնցից ոչ բոլորն արդարացան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Կովկաս 2013» միջազգային գիտաժողովի ժամանակ Նոդիան նշեց, որ թեպետ «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո անցել է շուրջ երկու տարի, լուրջ փոփոխություններ երկրում չեն գրանցվել: «Մեծ մասը հռետորաբանություն էր, որ այդպես էլ մնաց թղթին: Կոռուպցիայի առումով լուրջ փոփոխություններ չկան, այլատյացության հաղթահարմա առումով նույնպես առանձնակի առաջընթաց չկա»,- ասաց Նոդիան’ հավելելով, որ խանդավառված վրաց ժողովուրդը կամաց-կամաց հիասթափվում եւ հուսահատվում է, քանի որ արդյունքներ չեն երեւում:

Ըստ քաղաքագետի, թեպետ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից հեռացել է, սակայն տպավորությունն այնպիսին է, որ նա ետնաբեմից է ղեկավարում Վրաստանը, եւ եթե նա չլինի, ապա կոալիցիան չի կարողանա նորմալ գործել:

«Ամենաանհանգստացնող հանգամանքը երկրում բյուջետային դեֆիցիտն է, միևնույն ժամանակ՝ կան որոշ հետաքրքիր զարգացումներ, դրական բարեփոխումներ: Կան և դրական, և բացասական միտումներ: Դրականներից մեկը արևմտամետ վեկտորի շարունակությունն է, բացասականն այն է, որ նոր իշխանությունը չի ցանկանում ընդունել, որ կա քաղաքական մենաշնորհ, և պետք է պատասխանատվությունը կիսվի: Կա մեկ տղա, ով ամեն ինչ կառավարում է»,- ասաց Գիա Նոդիան:

Նրա գնահատմամբ, լուրջ փոփոխություն է, որ «Վրացական երազանք»-ի ղեկավարման օրոք վրաց-ռուսական հարաբերություններում որոշակի ջերմացում նկատվեց: Ըստ Նոդիայի, դա Իվանիշվիլու արտաքին քաղաքական կուրսի արդյունքն է, սակայն որքան էլ այդ հարաբերությունները ջերմանան, Վրաստանն ընտրել է իր արտաքին քաղաքական վեկտորը եւ այն շարժվելու է դեպի Եվրոպա:

«Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների լիակատար վերականգնումը տեղի կունենա արևմտամետ վեկտորից Վրաստանի հրաժարման գնով: Վրաստանը Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհին է, սակայն կան Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ձգտումներ: Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը, ենթադրվում է, որ կլինի արևմտամետ վեկտորից հրաժարման գնով: Սակայն դա կլինի բացասական և անթույլատրելի հանգամանք»,- ասաց Նոդիան:

Երեւանում մեկնարկել է «Կովկաս 2013» միջազգային գիտաժողովը, որտեղ քաղաքագետները քննարկում են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Հարավկային Կովկասի հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում