Թուրքիայի էներգետիկայի նախարարը խոստովանել է. Սոմայի ածխահանքում բացահայտ թերություններ են եղել

Թուրքիայի էներգետիկայի նախարարը խոստովանել է. Սոմայի ածխահանքում բացահայտ թերություններ են եղել

Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում, որտեղ աղետի ժամանակ 301 հանքափոր է զոհվել, բացահայտ թերություններ և վնասվածքներ են եղել: Այս մասին, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

Նախարարի խոսքով, Սոմայի ածխահանքում թերություններ լինելու հանգամանքն անվիճելի է: «Այդ իրադարձությունը լուրջ սպառնալիք է հանդիսանում: Ածխահանքում միջադեպը պետք է մանրամասնորեն հետաքննվի», -ասել է Յըլդըզը:

Մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած պայթյունի արդյունքում Սոմայի աշխահանքում զոհվել են 301 հանքափոր եւ տուժել 486 մարդ:

Թուրքիայում ընդհանուր առմամբ 740 ածխահանքեր են գործում, որոնցում աշխատում է 48706 մարդ: 1941 թ. մինչ այժմ Թուրքիայի ածխահանքերում տեղի ունեցած արտակարգ պատահարների արդյունքում զոհվել են 3 հազարից ավելի մարդ, 100 հազարից ավելի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Թուրքիայի արտադրական ոլորտում տեղի ունեցող արտակարգ պատահարների 10,5 տոկոսն ընկնում է ածխահանքերին:

2014 թ. առաջին չորս ամսվա ընթացքում Թուրքիայի արտադրական ոլորտում տեղի ունեցած արտակարգ պատահարների արդյունքում զոհվել է 1235 մարդ, որնցից 103-ը’ կին: Թուրքիայի պատմության մեջ հանքերում ամենամեծ վթարներից մեկը տեղի է ունեցել 1992 թ. Զոնգուլդաքի նահանգում, որի արդյունքում զոհվել է 263 մարդ:

Սոմա քաղաքի ածխահանքում վթարի հետ կապված Թուրքիայում 25 մարդ բերման են ենթարկվել, որոնց մեջ են Soma Holding ընկերության տնօրենների խորհրդի նախագահը եւ ընկերության եւս 5 աշխատակիցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում