Բեռլինում Ադրբեջանի դեմ նոր արշավ է սկսվում

Բեռլինում Ադրբեջանի դեմ նոր արշավ է սկսվում

«Եվրոպական կայունության նախաձեռնությունը» եւ Գերմանիայի նորընտիր օմբուդսմեն Քրիստոֆեր Շտրասերը պատրաստվում են «Դեպի Եվրոպա’ առանց քաղբանտարկյալների» կոչված գիտաժողով են կազմակերպել Բեռլինում, որի հիմնական թեման պետք է հանդիսանա Եվրոպայում, նաեւ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը: Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները:

Կոնֆերանսում, որն աշխատանքները կսկսի հունիսի 2-ին, կմասնակցեն մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ եւ իրավապաշտպաններ:

«Եվրոպական կայունության նախաձեռնությունը» հանդիսանում է «Խավիարային դիվանագիտության» մասին սկանդալային զեկույցի հեղինակը, որում խոսվում էր այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառել են տարբեր նվերներով, մասնավորապես’ սեւ խավիարի տուփերով:

Գերմանիայի նոր օմբուդսմեն Քրիստոֆեր Շտրասերը մինչ այդ պաշտոնում նշանակվելը եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանում քաղբանտարկյալների գծով նախկին զեկուցողը: Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակի մասին նրա ներկայացրած զեկույցը ԵԽԽՎ ադրբեջանամետ «խավիարակեր» խորհրդարանականների ջանքերով տապալվել էր, որից հետո նա հրաժարական էր տվել մարդու իրավունքների զեկուցողի պաշտոնից:

Ադրբեջանում խիստ մտահոգված են, որ Շտրասերի նշանակումը Գերմանիայի օմբուդսմենի պաշտոնում կրկին քաղաքական ճգնաժամ կառաջացնի վերջին շրջանում ջերմացած ադրբեջանա-գերմանական հարաբերություններում, քանի որ ԵԽԽՎ զեկուցողի պաշտոնից հրաժարականից հետո անգամ գերմանացի պատգամավորը շարունակում է հանդես գալ ադրբեջանական իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ:

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի վերջին տվյալներով’ Ադրբեջանում 89 քաղաքական կալանավորներ եւ 41 «խղճի բանտարկյալներ» կան: Իրավապաշտպան ինստիտուտը նշել է, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին: Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում