Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության հետ կապված խնդիրները տեխնիկական են.ԱԳ փոխնախարար

Եվրասիական տնտեսական միությանը  ՀՀ-ի անդամակցության հետ կապված խնդիրները տեխնիկական են.ԱԳ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը կարծում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նշած ժամկետներու` մինչև հունիսի 15-ը:

«Ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է, և ես կարծում եմ, որ նախագահի արտահայտած ժամկետներն այս առումով իրականություն կդառնան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին չէր նախատեսվում, որ Հայաստանը փաստաթուղթ կստորագրի:

«Այսօր պետք է ճշտվի, նախագահը կոչ արեց մինչև հունիսի 15-ը ստորագրել, և մենք սպասում ենք պատասխանի: Ճանապարհային քարտեզը պատրաստ է, և եթե կան մեկ-երկու չճշտված հարցեր, ու դրանք, ինչպես հանրապետության Նախագահն ասաց, կարելի է մեկ-երկու օրում շտկել»,-ասաց Մանասարյանը:

Մանասարյանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Բելառուսը և Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի այս կառույցին: Պատգմավորի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել, որ Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրներ կան, փոխնախարարը նշեց, որ այդ խնդիրները կան, սակայն շատ արագ լուծում կստանան: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները տեխնիկական են, որոնք հնարավոր է լուծել մի քանի օրվա ընթացքում:

«Առկա խնդիրները սկզբունքային բնույթ չեն կրում և տեխնիկական են: Հանրապետության նախագահն էլ իր ելույթում արդեն նշել է, որ դրան հնարավոր կլինի լուծել մի քանի օրվա ընթացքում»,- ասաց Մանասարյանը:

Պատգամավորի մեկ այլ հարցին, թե արդյո՞ք խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի՝ Եվրասիական տնտեսական տարածքի մաս կազմելու հարցում, Մանասարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ առկա խնդիրները տեխնիկական են:

«Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար կարևոր նշանակություն ունի, իսկ առկա խնդիրները սկզբունքային բնույթ չեն կրում»,- ասաց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում