Ֆրանսիական Total և գերմանական E.on ընկերությունները լքում են Ադրբեջանը

Ֆրանսիական Total և  գերմանական E.on ընկերությունները  լքում են Ադրբեջանը

Ֆրանսիական Total և  գերմանական E.on ընկերությունները պատրաստվում են դուրս գալ Անդրադրիատիկ գազատարի նախագծից (TAP): Այս մասին  ադրբեջանական ԶԼՄ-ի հաղորդմամբ՝  հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիևը՝ չնշելով այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Total-ն ադրբեջանական «Շահդենիզ-2» նախագծում իր 10-ը տոկոս մասնաբաժինը վաճառեց  թուրքական TPAO ընկերությանը: Իսկ մինչ այդ նորվեգական Statoil ընկերությունը SOCAR-ին էր վաճառել «Շահդենիզ-2»-ի TAP-ում իր 10-ը տոկոս մասնաբաժինը:

Սպասվում է, որ մոտ օրերին նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում ընդունել ինչպես «Շահդենիզ»-ում, այնպես էլ «դարի պայմանագրում» իր մասնաբաժնի վաճառքի մասին:

«Շահդենիզ» կոնսորցիումի կողմից գազի փոխադրման համար Անդրանատոլիական (TANAP) եւ TAP նախագծերի երթուղին ընտրելուց հետո Statoil-ն ու Total-ը հայտարարել են, որ չեն մասնակցի 10-ը  մլրդ եվրո արժողությամբ TANAP նախագծին: Իսկ այժմ էլ ֆրանսիական ընկերությունն ու նրա գերմանական գործընկերն են հրաժարվում TAP-ից:

Ադրբեջանում չեն կարողանում հասկանալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրել նախատեսող 40 մլրդ եվրո արժողությամբ նախագծից եվրոպական էներգահսկաների հեռանալու պատճառը:

Դեռևս  չկան պնդումներ, որ դա կապված է  քաղաքականության  հետ: Մի բան պարզ է սակայն, որ ընկերությունները չեն ցանկանում կիսել ռիսկերը, ինչը  կապված է  ինչպես նախագծի բավական բարձր արժեքի, այնպես էլ ապագայի հնարավոր ռիսկերի հետ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝  այդ նախագծերն ավելի շատ Եվրոպային են պետք, քան Ադրբեջանին, քանի որ կապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և կիջեցնեն աշխարհամասի կախվածությունը ռուսաստանյան գազից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում