Հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունն է. Բակո Սահակյան

Հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ռազմատենչ  քաղաքականությունն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը, եւ կարեւորել է միջազգային հանրության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը Ադրբեջանին դատապարտելու ու կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Միաժամանակ, երկրի ղեկավարը վերահաստատել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնմամբ:

Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում