«Արցախին վերադարձնել բանակցային սեղան, Անկարայի հետ հարաբերվել հստակ պահանջներով». Վազգեն Սիսլյան
Նմանատիպ
ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամ, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանի դիտարկմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նման է վախվորած կամ նոր ձևավորվող երեխայի, որը չի հասկանում իրեն շրջապատող աշխարհը և ամեն քայլ անելուց մտածում է, թե ինչպես արդարանա:
Ըստ Սիսլյանի՝ ՀՀ արտաքին գերատեսչության արձագանքը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ազատագրված տարածքների վերադարձման հայտարարությանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հասարակական կազմակերպությունները փակելու անուղղակի կոչին, անհամաչափ ու անհասկանալի էր:
Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկ, «Վան» գործողության ղեկավարը պնդում է՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը պետության շահերից բխող հստակ դիրքորոշում հայտնի և համապատասխան դերակատարում ստանձնի միջազգային հարթակում.
«Նախ՝ Արցախը պետք է վերադարձվի բանակցային սեղանին: Եթե Կոսովոյի ալբանացին կարող է անկախության ձգտել, ապա արցախցին պատերազմի դաշտում իրացրել է անկախ ապրելու իրավունքը: Եթե դա չի ընդունվելու, ուրեմն՝ պետք է դադարեցնել բանակցությունները»,-ՍԴՀԿ հավաքին շեշտեց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Սիսլյանը կոչ արեց որդեգրել պահանջատիրական քաղաքականություն: Այն է՝ Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թիրախ դարձնելով թուրքական հակահայ քաղաքականությունը և ոչ թե թուրք ժողովրդին: Երկրորդ՝ խորհրդարանական օրակարգից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները և Անկարայի հետ հարաբերվել հստակ պահանջներ առաջ քաշելով.
«Մեր անցած 127 տարվա պատմության ընթացքում բավական խոհեմություն ենք ձեռք բերել՝ հասկանալու, որ Հայաստանի շահերը պետք է կապել ոչ թե այլ երկրների, այլ՝ միայն ու միայն մեզ հետ: Ըստ այդմ՝ կոչ եմ անում բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել Մայր կուսակցության առաջ քաշած գաղափարների շուրջ: Մենք ներսում թշնամիներ չունենք, մեր թշնամին սահմանից այն կողմ է: Ժամանակ չվատնենք քաղաքական խարդավանքների վրա»,-հայտարարեց ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում