Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. musavat.com

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. musavat.com

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըգովի միջեւ հակասությունները հասել են գագաթնակետին: Զաքիր Հասանովը Ադրբեջանի նախագահ, ԶՈւ գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է musavat.com-ը’ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Ըստ կայքի, Ադրբեջանի ներքին զորքերի նախկին հրամանատար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի’ երկրի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո բանակում մի շարք բարեփոխումներ, այդ թվում’ կադրային փոփոխություններ է կատարել: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ բանակի ստորաբաժանումներ Հասանովի այցերն ադրբեջանական հասարակության մեջ այնպիսի կարծիք էին ստեղծել, որ «վերջապես, վերջ է դրվել Ադրբեջանի բանակում երկար տարիներ շարունակվող պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ դիմակայությանը»:

Սակայն վերջին ժամանակներում տարածված տեղեկություններից երեւում է, որ նոր նախարարի հետ Սադըգովի միջեւ բարեկամությունը երկար չի տեւել: Ադրբեջանի ՊՆ մեջ ավանդույթ դարձած խնդիրը նորից գլուխ է բարձրացրել: Դրա պատճառը Զաքիր Հասանովի կողմից նոր կադրային նշանակումներն ու բարեփոխումների մյուս ձեռնարկումներն են, որոնք կատարվել են Նաջմեդդին Սադըգովի պահանջով:

Կայքի խմբագրությանը հասած տեղեկություններով, Թուրքիայի բանակի ղեկավարությանն իր մոտ հարաբերություններով հայտնի Զաքիր Հասանովն աշխատում է ՊՆ կառույցներում կարեւոր պաշտոններում տեղավորել եղբայրական երկրում ռազմական կրթություն ստացած եւ ՆԱՏՕ-ի համակարգն իմացող երիտասարդ սպաների: Սակայն նախարարի այդ ծրագրի իրագործմանը խոչընդոտում են Նաջմեդդին Սադըգովն ու ռուսամետ գեներալները:

Վերջերս տարածված լուրերում նշվել էր, որ ՊՆ համակարգում ռուսամետ բարձրաստիճան զինվորականների շարքերն այնքան են ընդարձակվել եւ նրանց ազդեցության հնարավորություններն այն աստիճանի են աճել, որ ներքին զորքերից նախարարություն եկած գեներալ Զաքիր Հասանովի կամքից դուրս գործընթացներ են կյանքի կոչվում: Իսկ նախարարը դժվարություններ է ունենում Ադրբեջանի բանակում առկա խնդիրներին վերջ դնելու, բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող մակարդակի բարձրացնելու համար նախատեսած անհրաժեշտ ծրագրերն իրականացնելու մեջ: Նրա այդ ծրագրեր ը հանդիպում են լուրջ խոչընդոտների:

Կայքին հասած տեղեկություններով, Զաքիր Հասանովը նորմալ բարեփոխումներ անցկացնելու գործում լուրջ խոչընդոտներ ստեղծվելու, մի շարք դեպքերում սաբոտաժի հանդիպելու մասին անձամբ դիմում է ներկայացրել Իլհամ Ալիեւին: Աղբյուրի խոսքով, նամակում Հասանովը Ալիեւին հայտնել է, որ եթե այդ վիճակը շարունակվի եւ իրեն խոչընդոտող ուժերը «չվնասազերծվեն», ապա ինքը գտնում է, որ նախարարի պաշտոնում իր մնալն անիմաստ է, եւ խնդրել ընդունել իր հրաժարականը:

Կայքը գրում է նաեւ, որ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություններ էին թափանցել այն մասին, որ Նաջմեդդին Սադըգովը շուտով ազատվելու է զբաղեցրած պաշտոնից, ինչը պատահական չէր, քանի ադ լուրերը ի հայտ եեն եկել Հասանովի նամակից անմիջապես հետո, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ նախարարը ստացել է նախագահի աջակցությունը:

Musavat.com-ի այդ հրապարակումից հետո Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը շտապ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նման լուրերի տարածումը նպատակ է հետախնդում ապատեղեկացնել հանրությանը եւ նեգատիվ պատկերացում ձեւավորել Ադրբեջանի զինված ուժերի մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում