Անվտանգության երաշխիքների դեպքում ՀՀ-ը պատվիրակ կուղարկի Բաքու` ՆԱՏՕ-ի «Rose Road» սեմինարին

Անվտանգության երաշխիքների  դեպքում  ՀՀ-ը  պատվիրակ  կուղարկի Բաքու` ՆԱՏՕ-ի «Rose Road» սեմինարին

Հայաստանը հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի «Rose Road» սեմինարը 2015-ին ՀՀ-ում անցկացնելու համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

«Մենք արդեն պաշտոնապես առաջարկ ենք ներկայացրել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, որ Երևանում անցկացնենք «Rose Road» սեմինար 2015-ին: Դա շատ կարևոր միջոցառում է ՆԱՏՕ-ի օրակարգում, որի ընթացքում քննարկվում են ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ»,-ասաց  Կորյուն Նահապետյանը:

Վերջինը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում` ՆԱՏՕ-ի խորհրդարական վեհաժողովի նախագահի և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ:

«Մասնավորապես անդրադարձ եղավ հունիսի 16-18-ին Բաքվում տեղի ունենալիք «Rose Road» սեմինարին ՀՀ ԱԺ պատվիրակների մասնակցությանը: Մենք մեր մասնակցելու մտադրությունն արտահայտել ենք, և անվտանգության երաշխիքների առկայության պարագայում երկու պատվիրակներ կմասնակցեն այդ սեմինարին»,-շեշտեց  Նահապետյանը` հավելելով, որ առաջարկել են, որպեսզի ԱԺ պատգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները ներգրավված լինեն նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող այլ միջոցառումների:

Նահապետյանը  տեղեկացրեց նաև, որ Հայաստանի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի ելույթի ժամանակ  բարձրացրել  է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների  հետագա զարգացման հարցը.

«Ռասմունսենը գոհունակությամբ արտահայտվեց Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ և նշեց, որ մեծ ներուժ կա այն զարգացնելու  համար: Մենք լավատես ենք ու վստահ, որ առաջիկա տարիներին երկկողմ հարաբերությւոնները ՆԱՏՕ-ի հետ ունենալու են  բարձր մակարդակ`հաշվի առնելով, որ մայիսի 23-ին հաստատվել է անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիրը»,-լրացրեց Նահապետյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում