Քյազիմ Կարաբեքիրի հայ մանուկ զինվորները. Radikal

Քյազիմ Կարաբեքիրի հայ մանուկ զինվորները. Radikal

Հայոց ցեղասպանությունից հետո մինչեւ ռուս-թուրքական պատերազմի ավարտն ու Թուրքիայի հանրապետության հռչակումը արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը «Երեխաների բանակային կազմակերպություն» կամ ավելի շատ որպես «Գյուրբուզների բանակ» (Պնդլիկների բանակ) հայտնի անչափահասներից բաղկացած զորմիավորում էր ստեղծել թուրքական բանակի կազմում «թշնամու դեմ կռվելու» համար: Այս մասիn, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է թուրքական «Ռադիկալ» թերթն իր’ «Իթթիհաթ Թերաքիի եւ Քյազիմ Կարաբեքիրի մանուկ զինվորները» վերտառությամբ հոդվածում:

Թերթը գրում է, որ 1915 թվականից հետո Էրզրումի (Կարին) իր ծառայության վայր գնալու ճանապարհին Կարաբեքիրը 1600-ից ավելի որբերի հավաքել եւ սկսել է նրանց պատրաստել որպես զինվորներ: Այդ երեխաներից կազմված բանակը, որը նա անվանել էր «Գյուրբուզների բանակ», էրզրումցիներին ներկայացրել է 1920 թ. մայիսի 1-ին: Այդ երեխաներին մի քանի տարվա ընթացքում ինտենսիվ կերպով զինվորական գործ են սովորեցրել, այդ թվում’ սուսերամարտ եւ դահուկավազք, եւ ամենագլխավորը’ Քյազիմ Կարաբեքիրի խոսքով, «բոլորին թրքականության գիտակցականություն էր տրվել»:

Թերթը գրում է, որ հիմնականում հայ որբ մանուկներից բաղկացած այդ «բանակը» Կարաբեքիրն օգտագործել է 1920 թ. սեպտեմբերի 26-ին Սարիղամիշում ռուսների հետ բախումների ժամանակ:

«1922 թվականին Կարաբեքիրի «Երեխաների բանակ» կազմակերպությունը 17 գնդեր ուներ Սարիղամիշում, Տրապիզոնում, Կարսում, Կաղըզվանում, Բայազետում, Իգդիրում, Արդահանում, Արտվինում, Ռիզեում, Սյուրմենում եւ Երզնկայում: Կազմակերպության մեջ որբ երեխաների թիվը կազմում էր 4-6 հազար: Որոշ աղբյուրների համաձայն, Կարաբեքիրի կողմից «պահպանության տակ առնված» որբ տղա երեխաների մեջ մեծամասնությունը հայ որբերն էին կազմում: Այդ երեխաներից առավել ամրակազմներին Կարաբեքիրը ներկայացրել էր որպես թուրք ընտանիքների որբեր եւ ուղարկել Բուրսայում նորաբաց Ըշըքլարի ռազմական ուսումնարան, մի մասին էլ կցել տարբեր արհեստակցական դպրոցների’ արհեստներ սովորելու եւ կյանք մտնելու համար:

1924 թ. հունվարի 3-ին Իսմեթ Ինոնյուն թուրքական խորհրդարան էր ներկայացրել մի օրենսդրական առաջարկություն, որով նախատեսվում էր երկրի պաշտպանության համար օգտագործելու նպատակով 12 տարեկանից զինվորական ծառայության գրված պատանիների կազմակերպություն ստեղծել, ինչը սակայն, խորհրդարանը չի վավերացրել: Դրանից հետո այդ գործն իր վրա է վերցրել զինված ուժերի գլխավոր շատբի պետ Ֆեվզի Չաքմաք փաշան: Նրա կարծիքով, ազգին «զինված ժողովրդի» վիճակի բերելու համար անհրաժեշտ էր անմիջապես ձեռնամուխ լինել նման կազմակերպության ստեղծմանը: Սակայն, այդ ձեռնարկումը եւս արդյունք չտվեց: Հարցը դարձյալ խորհրդարանի օրակարգ էր բերվել 1927, 1928 եւ 1932 թվականներին, բայց կրկին օրենքի ուժ չի ստացել: Սակայն, «զինված ժողովրդի» գաղափարը երբեք չի մահացել…», -նշում է թերթը:

«Ռադիկալ»-ը թեմային անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ազգությամբ քուրդ Սըռը Սաքըքի’ Աղրիի (Արարատ) քաղաքապետ ընտրվելու ժամանակ արած այն հայտարարությունից հետո, որ անհրաժեշտ է նահանգում փոխել Քյազիմ Կարաբեքիրի անվան փողոցների, հաստատությունների անունները եւ հանել նրա բոլոր արձանները: Սաքըքը հայտարարել է, որ Կարաբեքիրը եղել է քրդերի եւ, գլխավորապես, հայերի ամենամեծ թշնամին, եւ որ նրա գործունեությունն ուղղված է եղել տեղական էթնիկ բնակչության ոչնչացմանն ու միմյանց նկատմամբ ատելության եւ թշնամանքի հրահրմանը: Սըռը Սաքըքի այդ հայտարարությանը խստորեն առարկել էր Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իսկ Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին ղեկավար, ներկայում «Ազգայնական շարժում կուսակցությունից» խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, ով հայտնի է իր հակահայ գործունեությամբ, հայտարարել է, որ Սըռը Սաքըքը ազգությամբ «հայ» է, եւ, նրա խոսքով, ընդհանրապես, քրդերի ազատագրական պայքարի (ըստ նրա’ «Թուրքիան մասնատելու» գործին ձեռնամուխ եղած Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների 90 տոկոսը «հայեր  են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում