Էրդողանը համոզված է, որ պետական հեղաշրջման դեպքում իրեն մահապատժի կենթարկեն

Էրդողանը համոզված է, որ պետական հեղաշրջման դեպքում իրեն մահապատժի կենթարկեն

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խստորեն դատապարտել է Դիարբեքիրում երեկ տեղի ունեցած անկարգությունները եւ նշել, որ երկրում պետական հեղաշրջում տեղի ունենալու դեպքում իրեն եւ նախարարներին պարզապես մահապատժի կենթարկեին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Դիարբեքիրում քուրդ բնակչության’ թուրքական ժանդարմերական ուժերի համար նոր զորանոցների շինարարության դեմ բողոքի ակցիաների ժամանակ մի քուրդ անչափահաս թուրքական հրամանատարական զորամասում հենաձողի վրայից իջեցրել էր երկրի պետական դրոշը, ինչի կապակցությամբ Էրդողանն ասել է. «Ինչ-որ մեկը գնում է ավերելու զինվորական զորանոցները, ինչ-որ մեկը իջեցնում է պետական դրոշը: Ստացվում է, որ ով ինչ ուզում է’ անում է»:

Էրդողանն անդրադարձել է նաեւ անցյալ դեկտեմբերին Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալին: «Դա պետական հեղաշրջման փորձ էր: Եթե այն հաջողվեր, ապա ինձ եւ իմ նախարարների հետ հաշվեհարդար կտեսնեին Յասսիադայում», -ասել է Էրդողանը:

1960 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո, երկրի վարչապետ Մենդերեսը պաշտոնանկ էր արվել, ձերբակալվել եւ դատի տրվել’ կոռուպցիայի ու ծառայողական դիրքի չարահաշման մեղադրանքով, մահվան դատապարտվել եւ կախաղան բարձրացվել Յասսիադա կղզում:

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում’ վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում