Իրաքում ահաբեկիչներն ազատ են արձակել թուրք վարորդներին
Նմանատիպ
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկները ազատ են արձակել շաբաթվա սկզբին առեւանգած թուրք վարորդներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը’ հղում կատարելով Ստամբուլում Փոխադրողների միջազգային միության մամուլի ծառայությանը:
Հունիսի 10-ին եւ 11-ին ԻԼԻՊ-ի մարտիկները առեւանգել են Թուրքիայի քաղաքացի 31 վարորդների, ովքեր դիզելային վառելիք էին փոխադրում թուրքական Իսքենդերուն նավահանգստից Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքի Գեյարա ջերմակայան: Առեւանգիչները 5 մլն դոլար էին պահանջել պատանդներին վերադարձնելու համար:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ դրանից հետո ահաբեկիչները Իրաքում եւս 8 թուրք վարորդների են առեւանգել, եւ այս անգամ խոսք չկա փրկագնի մասին: Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորման մեջ պատանդների նկատմամբ տարակարծություններ կան: «Մարտիկների մի մասը համաձայն է բաց թողնել նրանց, մյուս մասը դեմ է հանդես գալիս դրան»,- հայտնել է NTV-ն:
Հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ ԻԼԻՊ-ի մարտիկները առեւանգել են Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին եւ 49 աշխատակիցների, այդ թվում’ հյուպատոսությունը պահպանող թուրք 30 ոստիկանների: Ընդհանուր առմամբ’ վերջին երկու օրերի ընթացքում իրաքցի ահաբեկիչները առեւանգել են 100-ից ավելի թուրքերի: Թուրքական որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ սունի արմատական ԻԼԻՊ-ի հրամանատարությունը հայտարարել է, որ մոտ ժամանակում բաց կթողնի բոլոր թուրքերին, քանի որ վերջիններս եւս սունի են: Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն քննարկում թուրք պատանդների ազատագրման ուժային տարբերակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում