ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը պետք է ազգային գաղափար դառնա. Բառոզու

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը պետք է ազգային գաղափար դառնա. Բառոզու

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Թբիլիսի այցի ընթացքում հայտարարել է, թե ուրախ է գտնվելու Վրաստանում, որը «եվրոպական ընտանիքի անդամ է», տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:

«Նախ եւ առաջ ցանկանում եմ ասել, որ ինձ համար հաճելի է գտնվել Վրաստանում, երկրում, որը եվրոպական ընտանիքի անդամ է: Սա իմ երկրորդ այցն է. առաջին անգամ ես Վրաստան եմ ժամանել 2008 թվականին՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում զինված բախումների սկսվելուց հետո: Ես վերադարձել եմ միանգամայն այլ համատեքստում, բայց իմ հիմնական միտքը նույնն է՝ մենք ձեր կողմում ենք: Մենք կանգնած ենք ժողովրդավարական, բարգավաճող ու միասնական Վրաստանի կողմում: Ես համոզված եմ, որ ձեր երկրի համար լավագույն ուղին, ամենից առաջ, բարեփոխումների անցկացումն է եւ Ասոցացման մաս ին համաձայնագիրը» , ասել է Բառոզուն:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, թե ինքը չի պնդում Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը: Նրա համոզմամբ՝ այդ որոշումը պետք է արտացոլի վրաց ժողովրդի կամքը: «Համաձայնագիրը, որը մենք պետք է ստորագրենք, հաջող կլինի միայն այն դեպքում, եթե դա դառնա ազգային գաղափար, որին կաջակցեն բոլոր քաղաաքական ուժերն ու հասարակությունը»,- ասել է Բառոզուն:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ոսկե գեղմի շքանշանով է պարգեւատրել Ժոզե Մանուել Բառոզուին:

Նախագահը կոչ է արել վրաց հասարակությանը եւ քաղաքական գործիչներին՝ միավորվել եւ միասին կատարել եվրոպական ընտրությունը: ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը պետք է կայանա հունիսի 27-ին Բրյուսելում:

«Դա կարեւոր փուլ կլինի, որի համար պետք է միավորվի ոչ միայն կառավարության թիմը, այլեւ վրաց ողջ հասարակությունը: Մենք պլանավորում եւ իրականացնում ենք Եվրամիությանն անդամակցելուն միտված քաղաքականություն, եւ ապագայի այդ ընտրությունը միասին կանեն վրաց հասարակայնությունն ու քաղաքական գործիչները»,- ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավարին այն ակտիվ աջակցության եւ օգնության համար, որը ցուցաբերվել է Վրաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացման համար՝ նշելով, որ նրան շքանշանը հանձնում է ազգային շահերին աջակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում