«Պատերազմի վերսկսման դեպքում կհասնենք մինչև Քուռ և ոչ թե տարածքներ կկորցնենք, այլ կավելացնենք». ԼՂՀ ԱԺ պատգամավոր

«Պատերազմի վերսկսման դեպքում կհասնենք մինչև Քուռ և ոչ թե տարածքներ կկորցնենք, այլ կավելացնենք». ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Իլհամ Ալիևն այսօր աշխարհում ամենաքիչն է ցանկանում պատերազմի վերսկսումը, որովհետև դրա հետևանքով ինքն ամենաշատն է կորցնելու: Բայց, ուշ թե շուտ պատերազմական գործողությունները վերսկսվելու են և դա հիմնականում պայմանավորված է լինելու Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներով: Ընդ որում, այն լինելու է միջին ակտիվության: Այսօր Ծաղկաձորում ընթացող «Երիտասարդ Եվրասիա» համաժողովին նման տեսակետը հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սերգեյ Սարգսյանը:

«Այսօր Ադրբեջանի բանակում կան գեներալներ, որոնք և՛ բիզնեսով են զբաղվում, և՛ քաղաքականությունից են լավ հասկանում: Եվ այսօր նրանք մտածում ենք’ մենք Ալիևից ինչով ենք պակաս, ինչի ոչ մենք», – լրացրեց քաղաքագետը:

Այնուհետ Սերգեյ Սարգսյանը խոսեց ՀՀ-ի’ ՀԱՊԿ-ի անդամակցության և ռուս-հայկական ռազմատեխնիկական հարաբերությունների օգուտներից: Խոսքը մասնավորապես, վերաբերում էր մատչելի գներով զենքի մատակարարմանը, որի շնորհիվ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է: Այս համատեքստում քաղաքագետը հիշեցրեց Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու այն հայտարարությունը, թե Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ ռազմական գործողություններ սկսելու դեպքում ռազմաբազան կարող է ներգրավվել այդ գործողություններում:

Ի դեպ, փորձագետը վստահեցրեց, որ պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը կունենա նաև հարևան Իրանի լուրջ աջակցությունը:

«Եվրասիական անվտանգություն» վերտառությամբ աշխատանքային քննարկմանը ներկա Արցախի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը հարցրեց, թե որքանով է ճիշտ ՀՀ-ի ռազմական դաշնակցի կողմից Ադրբեջանի զինումը կամ պարբերաբար մեծաքանակ զինտեխնիկայի վաճառքը’ պատճառաբանությամբ, որ եթե ՌԴ-ն չանի, մեկ ուրիշն է դա անելու, քաղաքագետն նկատեց, թե գուցե այնքան էլ ճիշտ չէ Ռուսաստանի կողմից ՀՀ-ի հակառակորդին զենք վաճառելը, բայց մյուս կողմից, իսկապես, լավ է Ռուսաստանը, քան որևէ այլ երկիր’ հաշվի առնելով, որ գոնե ծանոթ ենք զինտեխնիկայի նրբություններին հզորությանը:

Սերգեյ Սարգսյանը հարկ համարեց ընդգծել, որ ՀՀ ԶՈՒ-ն ունի զինատեսակներ, որոնցից Ադրբեջանը չունի:

«Քանի դեռ ՀՀ-ը գնում էր դեպի ԵՄ, Ռուսաստանը , թերևս, մտածում էր’ ինչի վտանգենք Ադրբեջանի հետ հարաբերությունները, դրա համար էր վաճառում էր, հիմա էլ, երբ ՀՀ-ը պատրաստվում է մտնել ԵՏՄ, մտածում են, որ մեր երկիրն այս դեպքում առավելևս մտածելու բան չունի: Այնպես որ պետք չէ վախենալ Ադրբեջանի զինումից և սպառազինվածության աստիճանից»,- հավելեց քաղաքագետը:

«Մենք չենք վախենում, պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը կհասնի մինչև Քուռ։ Մենք ոչ թե տարածքներ կկորցնենք, այլ հակառակը՝ կավելացնենք մեր պատմական հողերը։ Եվ ձեռք բերած զինատեսակները հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանին հաղթանակ չեն կարող ապահովել»,-արձագանքեց ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում