Բաքվում ԼՂ հիմահարցի վերաբերյալ ելույթի համար «հարձակվել են» Մեթյու Բրայզայի վրա

Բաքվում ԼՂ հիմահարցի վերաբերյալ ելույթի համար «հարձակվել են» Մեթյու Բրայզայի վրա

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ Բաքվում Մեթյու Բրայզայի ելույթը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջացրել է ադրբեջանցիների դժգոհությունը: Թեպետ իր խոսքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահը և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը չեզոք գնահատականներ է տվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և դրա ներկա վիճակին, այդուհանդերձ, ադրբեջանական կողմը հանդես է եկել իրեն բնորոշ ոչ զուսպ դիրքորոշ մամբ և գնահատականներով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, իր ելույթում Բրազյան կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ԼՂ հակամարտության կարգավորման և փոխզիջումների հասնելու համար դեռևս կարող են անհրաժեշտ մակարդակի փոխադարձ վստահության մթնոլորտ կառուցել:

Արձանագրելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկար տարիների գործունեությունից հետո էլ հակամարտությունը մնում է չլուծված’ Մեթյու Բրայզան ասել է. «Պետք է շարունակել աշխատանքները, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաղաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հավանականությունը»:

Բաքվում հայկական պատվիրակության կողմից ողջունված այս ելույթը զայրացրել է ադրբեջանական կողմին: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Հուդրաթ Հասանգուլիևը կտրուկ հայտարարություններ է արել Բրայզայի ելույթի հետ կապված: «Ես նախկինում էլ եմ խստորեն քննադատել Մեթյու Բրայզայի դիրքորոշումը: Ցավոք, ստիպված եմ դա անել նաև հիմա: Թեպետ Բրայզան այժմ անկախ փորձագետ է, սակայն նա իրեն դրսևորում է որպես ԱՄՆ Պետդեպի աշխատակից և հայտնում է ոչ թե իր, այլ այդ կառույցի դիրքորոշումը: Պարոն Բրայզա, հայերը Ձեզ թույլ չտվեցiն մնալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այն բանի համար, որ Դուք ամուսնացած եք թրքուհու հետ: Այժմ դուք նրանցից արդարությո՞ւն եք սպասում»,- անհասկանալի կերպով իր վրդովմունքն է հայտնել Հասանգուլիևը:

ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ նախկին համանախագահի վրա մյուս «հարձակումը» գործել է խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Զիյաֆեթ Ասքերովը’ մեջբերելով «Ղարաբաղ» բառի ծագումնաբանական առանձնահատուկությունները, դրանով իսկ փորձելով իբր ապացուցել տարածաշրջանի ոչ հայկական լինելը:

Քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը բարձրացրել է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հարցը, իսկ Թևան Պողոսյանը առաջ է քաշել Ռամիլ Սաֆարովի հարցը: Ընդմիջումից հետո ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի նիստը դեռ շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում