Թուրքական կառվարության հերթական սկանդալային կաշառքը

Թուրքական կառվարության հերթական սկանդալային կաշառքը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հասիբ Քափլանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, որում պնդել է, որ վարչապետ Էրդողանի գլխավորությամբ թուրքական կառավարությունը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված ահաբեկչական խմբավորման դեմ հանդես չգալու դիմաց Սաուդյան Արաբիայից եւ Քաթարից 45 միլիարդ լիրա կաշառք է ստացել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Քափլանն այդ հայտարարությունն արել է Իրաքում վերջին զարգացումների վերաբերյալ թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում:

«Որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ’ Թուրքիան պատասխանատվություն է կրում Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող կոտորածների համար: Քուրդ փեշմերգաների ընդամենը երկու բրիգադ Իրաքի հյուսիսում պաշտպանում են թուրքմեններին եւ Քիրքուք քաղաքը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից, իսկ Թուրքիան ոչինչ չի ձեռնարկում եւ մի կողմ է քաշվել: Քաթարից, Սաուդյան Արաբիայից ստացած 45 միլիարդ լիրա փոխանցման համար բացատրություններ չստացած’ այս իրադարձությունների իրական պատճառը չի բացահայտվի: Այդ ինչպես է ստացվում, որ Իրաքի’ բնակչությամբ երկրորդ քաղաք Մոսուլն այդքան հե շտությամբ մեկ գիշերվա ընթացքում հանձնվում է, բանակը օդանավակայանները, զենքն ու զինամթերքը թողնում է ահաբեկիչներին ու հեռանում: Իրաքի 70-հազարանոց բանակը հանձնվում է ԻԼԻՊ-ի 5-հազարանոց մարտիկներին», -հայտարարել է նա:

Թուրք պատգամավորը քննադատել է նաեւ թուրքական կառավարության քաղաքականությունը: «Արդեն 5-րդ օրն է Մոսուլում թուրքական հյուպատոսության աշխատակիցները պատանդ են վերցվել, իսկ դուք դիվանագիտություն եք խաղում’ պատանդի դիվանագիտություն, փոխանակման դիվանագիտություն, փրկագին վճարելու դիվանագիտություն», -հայտարարել է Հասիբ Քափլանը:

ԻԼԻՊ-ի զինյալները վերջին մի քանի օրում մի քանի քաղաքներ են գրավել Իրաքի հյուսիսում, եւ հայտարարել, որ գրավելու են նաեւ մայրաքաղաք Բաղդադը: Իսլամի սունի ուղղության հետեւորդ ահաբեկչական այդ խմբավորման մարտիկները Իրաքի շիա բնակչության իսկական կոտորած են սկսել: ԻԼԻՊ-ը հայտարարել է, որ իրենց նպատակը Մերձավոր Արեւելքում սունի խալիֆայություն ստեղծելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում