Թուրքիայի պահանջով Ադրբեջանում նուրսիստների «ջարդը» հասել է խորհրդարան

Թուրքիայի պահանջով Ադրբեջանում նուրսիստների «ջարդը» հասել է խորհրդարան

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունբքների հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովային եւ նրա որդուն’ Նախագահի աշխատակազմի բաժնի նախկին ղեկավար Էլնուր Ասլանովին արգելվել է դուրս գալ երկրից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը’ հղում կատարելով կառավարությունում իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի, արգելք է դրվել նաեւ Ասլանովների բանկային հաշիվների վրա, իսկ իրավապահ մարմինները նրանց նկատմամբ հետաքննություն են անցկացնում:

«Իրավապահ մարմինները ծանրակշիռ ապացույցներ ունեն, որ Ադրբեջանում անցյալ հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների շեմին Ռաբիյաթ եւ Էլնուր Ասլանովները քաղաքական պաշտպանություն են որոնել արտասահմանյան երկրներից մեկում, ինչպես նաեւ ղեկավարել են Ադրբեջանի կառավարությունում ճյուղավորված կազմակերպություն», -նշել է թերթի աղբյուրը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով Էլնուր Ասլանովը երկու ամիս առաջ ազատվել է աշխատակազմի բաժնի ղեկավարի պաշտոնից’ այն բանից հետո, երբ նախագահականում «պարզել» են, որ նա հանդիսանում է արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի ադրբեջանական համայնքի անդամ:

Ադրբեջանում «գյուլենականների» որսը սկսվել է 2014 թվականի հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Բաքու կատարած այցից հետո: Էրդողանը Ադրբեջանի իշխանություններից պահանջել էր «մաքրել» իշխանության շարքերը գյուլենականներից:

«Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ ադրբեջանական կառավարությունում բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք մտնում են նուրսիստների կրոնական աղանդի մեջ կամ կապեր ունեն դրա հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են եղել նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծո վ Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Գանիրա Փաշաեւայի, Նիզամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալիշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել էին թուրքական կառավարության անդամների, այդ թվում’ վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են «գյուլենական համայնքի» hետեւորդները, ովքեր ցանկանում են տապալել իր կառավարությունը:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը աշխարհի մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Գյուլենի բոլոր ուսումնական հաստատություններն իրենց տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում