ԼՂՀ վարչապետը Ճարտարում մասնակցել է վերանորոգված հիվանդանոցի բացմանը

ԼՂՀ վարչապետը  Ճարտարում  մասնակցել է  վերանորոգված հիվանդանոցի բացմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Վարչապետը ծանոթացել է վերաբացված հիվանդանոցի պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների մակարդակի կապակցությամբ: Նա ողջունել է բարերարների նախաձեռնությունները և հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նրանց ծրագրերի իրագործմանը:

Ծրագրի համաֆինանսավորողներ Վլադիմիր Ավագյանն ու Համլետ Համբարձումյանը կարևորել են հարմարավետ պայմաններով ու համապատասխան սարքավորումներով ապահովված հիվանդանոցի առկայությունը նմանատիպ մեծ գյուղի բնակչության առողջության պահպանման գործում: Նրանք նշել են, որ շարունակելու են ներդրում ունենալ Ճարտարի զարգացման ճանապարհին:

Արա Հարությունյանն այցելել է նաև Ճարտարում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների հարթակներ և ծանոթացել դրանց արդյունքներին ու ընթացքին: Վերջում, բարերարների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ գյուղում կառուցվելիք եկեղեցու շինարարության հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում