Ադրբեջանում փակված նուրսիստների դպրոցների աշակերտների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել

Ադրբեջանում փակված նուրսիստների դպրոցների աշակերտների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել

Բաքվում փակված նուրսիստների թուրքական դպրոցների աշակերտների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացրել «Չաղ Օյրեթիմ» ուսումնական համալիրի շենքի առջեւ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ծնողները դժգոհ են թուրքական վարժարանների ցանցը փակելու մասին ադրբեջանական կառավարության որոշումից:

Ընկերության ղեկավարների հետ հանդիպելուց հետո, որին մասնակցել են նաեւ Ադրբեջանի կրթության նախարարության ներկայացուցիչները, ակցիային մասնակից ծնողներն ուղղվել են պիկետելու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքը:

2014 թվականի հունվարից Ադրբեջանի պետական մարմիններ թափանցած նուրսիստների (իսլամի սունի աղանդավորներ) դեմ լայն արշավ է սկսվել: Ադրբեջանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցներն իրագործվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով’ թուրքական հետախուզական ծառայությունների օպերատիվ տվյալների հիման վրա:

Արտասահմանյան «հատուկ ծառայությունների հետ կապված» աղանդավորների դեմ պայքարի արշավի շրջանակում Ադրբեջանի պետական մարմիններից հեռացվել են նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովը: Ընդդիմագործության համար իշխող վերնախավում կորցրել են իրենց ազդեցությունը պատգամավորներ Ռաբիյաթ Ասլանովան, Ջեյհուն Օսմանլըն եւ շատ ուրիշներ:

Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, այդ թվում’ վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են արդի իսլամի գաղափարախոս, նուրսիստների շարժման հիմնադիրներից համարվող Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են «տապալել» իր կառավարությունը:

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը աշխարհի բազմաթիվ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարական կազմակերպություններ: Թուրքիան եւ Ադրբեջանը որոշել են 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում