ԵԽԽՎ-ում Ալիևի քննադատությունը ծափերով ընդունվեց

ԵԽԽՎ-ում Ալիևի քննադատությունը ծափերով ընդունվեց

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված’ այդ երկրում քաղբանտարկյալների մասին հարցը ողջունվեց եվրապատվիրակների ծափերով: Հարցի հեղինակն իռլանդացի պատգամավոր Մայքլ Մքնամարան է, ով ԵԽԽՎ-ում հունիսի 23-ին կայացած քվարկությամբ լիազորվել է զեկույց պատրաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Ալիեւն իռլանդաց ի պատգամավորին մեղադրեց բամբասանք եւ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Նա, հանդուգն պահվածք դրսեւորելով, ստախոսներ անվանեց այն պատվիրակներին, ովքեր հարց էին բարձրացնում իրենց մասնագիտական գործունեության համար բանտարկված լրագրողների մասին: «Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը բացասական օրինակ լինի Եվրախորհրդի երկրների համար»,-եվրապատվիրակի դիտարկմանն ի պատասխան Ալիեւը վիրավորեց նրան’ ասելով, թե կեղծ լուրեր տարածող պատգամավորը գուցե խոսում է իր երկրի մասին:

Եվրոպացի պատգամավորներն Ադրբեջանում գենդերային հավասարության ցուցանիշն անվանեցին սարսափելի: Ալիեւի պատասխաններից, սակայն, տպավորությունն այնպիսին էր, թե եվրոպական երկրներում վիճակն ավելի սարսափելի է, քան Ադրբեջանում, քանի որ նա անընդհատ հակադարձում էր պատվիրակներին’ « միգուցե այդպես է ձեր երկրներում»: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված մեր երկրում վիճակը չի տարբերվում ձեր երկրների իրավիճակից»,-ասաց Ալիեւը:

Իլհամ Ալիեւի ելույթն ընդմիջվեց տհաճ միջադեպով. ներս խուժեցին սեւ ժապավենով փակած բերաններով ու կրծքներին քաղբանտարկյալների նկարներ փակցված մի խումբ երիտասարդներ, ովքեր ելույթի ողջ ընթացքում մնացին դահլիճում եւ հավանության նշաններ էին անում, երբ հարցերը վերաբերում էին քաղբանտարկյալներին, բանտարկված լրագրողներին, նաեւ’ Լեյլա Յունուսին:

Եվրապատվիրակներից քչերն էին Ալիեւի հասցեին հիացական արտահայտություններ անում, շատերի հարցերը վերաբերում էին այդ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում