ԵԽԽՎ-ում Ալիեւի ելույթն ընթացել է բողոքի ակցիաներով դահլիճում եւ դրսում

ԵԽԽՎ-ում Ալիեւի ելույթն ընթացել է բողոքի ակցիաներով դահլիճում եւ դրսում

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթն ընթացել է բողոքի ակցիայով, որն անցկացրել են եվրոպաբնակ ադրբեջանցիները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ԵԽԽՎ-ում Ալիեւի ելույթն սկսվելուց անմիջապես հետո Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները «Ազատություն քաղբանտարկյալներին» բովանդակությամբ երկար պաստառ են պարզել: Նրանց հագին եղել են Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմանկարներով կարմիր շապիկներ:

Ալիեւի ելույթին զուգահեռ դահլիճում քաղբանտարկյալների դիմանկարներով շապիկներով եւ բերանները սեւ շորով փակ եվրոպաբնակ ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել:

Թերթը գրում է, որ այս տեղեկությունը Facebook-ի իրենց էջերում տարածել են Ստրասբուրգում քաղաքացիական հասարակության ակտիվիստները:

Ակցիան կազմակերպել է խոսքի ազատության «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը: Այս մասին «Ազադլըգ»-ին հայտնել է Ստրասբուրգում գտնվող սեփական աղբյուրը:

Աղբյուրի խոսքով’ կազմակերպությունը դրանով ցանկանում է ուշադրության հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում’ խոսքի եւ մամուլի ազատության բնագավառում ծանր վիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում