Ադրբեջանում գրանցված կեղծ ակադեմիան թալանել է եգիպտական բանակին

Ադրբեջանում գրանցված կեղծ ակադեմիան թալանել է եգիպտական բանակին

Եգիպտոսում սկանդալ է բորբոքվում կեղծ գիտական ակադեմիայի շուրջ, որը, ինչպես պարզվում է, գրանցված է Ադրբեջանում: 

Այս տարվա մարտին այդ արաբական երկրի ԶԼՄ-ները հայտնել էին եգիպտական զինվորական բժիշկների սենսացիոն հայտնագործության մասին, ովքեր իբրեւ մշակել են ՁԻԱՀ-ի եւ հեպատիտ C-ի բուժման տեխնոլոգիան: Նշվել էր, որ տվյալ’ Complete Curing Device (CCD) տեխնոլոգիան այնքան ունիվերսալ է, որ առանց որեւէ թերապիա անցկացնելու ունակ է մարդու օրգանիզմում վերացնել ՁԻԱՀ-ի եւ հեպատիտի վիրուսները: Հեղինակները պնդել էին, որ տեխնոլոգիան վերջին փորձարկումներն է անցնում եւ պաշտոնապես գործարկվելու է այս տարվա հուլիսին:

Պարզվել է, որ այդ խարդախության հետքերը տանում են Ադրբեջան: «Ալ Արաբիա» թերթի մեկնաբան Բեսեմ Յուսիֆը գրում է, որ եգիպտացի բժիշկների այդ «հայտնագործությունը» հրապարակվել է Ճարտարագիտության եւ տեխնոլգիաների համաշխարհային գիտական ակադեմիայի (World Academy of Science, Engineering and Technology-WASET) կայքում:

Այդ ակադեմիան զբաղված է միայն առաջատար համաշխարհային հետազոտական կենտրոնների հետազոտական հոդվածների վերատպությամբ: Յուրաքանչյուր ցանկացող կարող է այնտեղ ներկայացնել իր հոդվածը եւ հետո մասնակցել գիտական կոնֆերանսի’ նախապես վճարելով 400 դոլար:

Ապացուցելու համար, որ WASET-ը հանդիսանում է խաբեբայական ցանց, Egypt Independent հրատարակչության լրագրողները Վիքիպեդիայից հոդվածների քաղվածք են արել եւ ուղարկել ակադեմիա: 24 ժամ հետո ակադեմիան պատասխանել է, որ աշխատանքն ընդունվել է, եւ հեղինակներին անհրաժեշտ է միայն 400 դոլար վճարել: Այսպիսով, Ադրբեջանում գրանցված խաբեբայական WASET ակադեմիային հաջողվել է խաբել աշխարհի բազմաթիվ գիտնականների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում