Ջեյմս Ուորլիքը կրկին հայ և ադրբեջանցի նախագահների հանդիպման կոչ է անում

Ջեյմս Ուորլիքը կրկին հայ և ադրբեջանցի նախագահների հանդիպման կոչ է անում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է մտնի նոր փուլ’ զգալի առաջընթացի հասնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյքս Ուորլիքը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է ընդունեն Ֆրանսիայի նախագան Ֆրանսուա Օլանդի հրավերը եւ հանդիպեն Փարիզում: «Մեր նպատակը խաղաղ պայմանագրի ստորագրումն է: Մենք պետք է նոր փուլ մտնենք», -ասել է նա:

Ուորլիքն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կարեւորությունը եւ հույս հայտնել, որ դա տեղի կունենա մոտ ժամանակում:

Ամերիկացի համանախագահի խոսքով, բանակցություններն ընթանում են արդեն 20 տարի եւ, եկել է ժամանակը, որպեսզի նախագահները կարեւոր քայլ նախաձեռնեն խաղաղություն հաստատելու համար: Նա ընդգծել է, որ երկու նախագահները պատրաստ են այդ քայլին:

«Մարդիկ հոգնել են պատերազմջց: Ծախսվում են հսկայական ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ, հակամարտությունը թանկ է նստում տարածաշրջանի վրա», -նշել է Ուորլիքը:

Նա նաեւ անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության առնչությամբ: «Դա վտանգավոր է, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մենք չենք ուզում, որ դա տեղի ունենա», -ասել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ «ԱՄՆ-ը կողմնակից է ԵԱՀԿ շրջանակում Մինսկի խմբի աշխատանքին, բայց նաեւ պատրաստ է ուժերը ներածի չափով օգնություն ցուցաբերել երկկողմանի ձեւաչափում աշխատանքների միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում