Գործարք Թուրքիայի և ԵՄ-ի միջև

Գործարք Թուրքիայի և ԵՄ-ի միջև

Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ հերթական գործարքն է տեղի ունեցել: Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի եւ ԵՄ միջեւ «Առանց թույլտվության բնակություն հաստատած անձանց վերադարձի մասին» պայմանագիրը այն բանի դիմաց, որ ԵՄ-ն «խոստացել» է 3,5 տարի ժամկետով Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը: 

Թերթը նշում է, որ պայմանագրի նախագծի’ թուրքական խորհրդարանում քննարկումների ժամանակ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է, որ պայմանագրի հաստատումից հետո ԵՄ-ն Թուրքիայի քաղաքացիների համար 3,5 տարի ժամկետով վիզային ռեժիմ չի կիրառի: Նա նաեւ ասել է, որ եթե ԵՄ-ն չկատարի իր այդ «խոստումը», ապա Թուրքիան չեղյալ կհայտարարի պայմանագիրը:

Ենթադրվում է, որ հիշյալ պայմանագրով կկարգավորվեն Թուրքիայի տարածքով ապօրինի ճանապարհով ԵՄ տարածք տեղափոխված անձանց արագ եւ անվտանգ կերպով արտահանձնելու հարցերը:

Համաձայնագիրը թուրքական կողմը ստորագրել է ապօրինի գաղթի դեմ ԵՄ հետ համատեղ պայքարի աշխատանքների շրջանակում:

Թուրքիան ավելի վաղ հրաժարվում էր վավերացնել այդ համաձայնագիրը, քանի որ այն կյանքի կոչելը ֆինանսական մեծ ռուսուրսներ է պահանջում: Բացի այդ, Անկարան հրաժարվում էր ընդունել, որ եվրոպական երկրներ անցնելու համար արեւելյան երկրներից փախստականները տարանցիկ ճանապարհ են ընտրում Թուրքիայի տարածքը, ինչի պատճառով այս հարցը դարձել էր ԵՄ անդամակցության բանակցություններում Բրյուսելի կողմից Անկարայի համար նոր խորագրեր չբացելու պատճառներից մեկը:

Ընդունված համաձայնագրով Անկարան պարտավորվում է հետ ընդունել Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով ԵՄ մուտք գործած բոլոր փախստականներին: Համաձայնագրի ընդունումը Թուրքիային պարտադրելու ԵՄ-ի գլխավոր նպատակը ապօրինի գաղթն այդ երկրի տարածքով կասեցնելն է, ինչը վերջին տարիներին մեծ չափերի է հասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում