ՀԱՊԿ-ը պատասխանատու լինելով եվրասիական անվտանգության համար, կարող է խաղաղապահ համակարգի գործուն մասնակից լինել

ՀԱՊԿ-ը պատասխանատու  լինելով  եվրասիական անվտանգության համար, կարող է  խաղաղապահ  համակարգի գործուն մասնակից լինել

Հուլիսի 1-ին Երևանում մեկնարկեց «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը:

Կազմակերպիչներն են՝ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբը, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (Համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

Ֆորումի աշխատանքներում ներգրավված են մասնակիցներ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից, հավաքի մասնակիցների թվում են նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ:

Նախ ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, այնուհետ ողջույնի խոսք ասաց ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, որից հետո արդեն հնչեցին աշխատանքային ելույթներ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի, ՀՀ ԶՈՒ-ի Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի և այլ մասնագետների կողմից կողմից:

Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործողություններին, ինչպես նաև ՀԱՊԿ-ին անդամակցությանը: Նա շեշտեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների շարքում ամենափորձառուն լինելով՝ խաղաղապահ գործունեության առումով, Հայաստանը բազմակողմանիորեն նպաստում է ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ ուժերի կայացմանը:

«Խաղաղապահության հարցում մեր փորձն ամեն օր կուտակվում է 800 կմ երկարությամբ սահմանի պաշտպանության ընթացքում, որտեղ ՀՀ զինված ուժերը պահպանում են խաղաղությունը և թույլ չեն տալիս ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը շատ կարևոր է տարածաշրջանի համար»,- շեշտեց  նախարարը:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը իր ելույթում հանգամանորեն վերլուծեց խաղաղապահ գործընթացում պետական հաստատությունների կայացման և զարգացման դերը՝ այդ համատեքստում կարևորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունում իրականացվող պետականաշինական գործընթացը՝ որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևոր գործոն:

Ֆորումի ընթացքում արդեն ոչ հայկական կողմից ընդգծվեց, որ ՀԱՊԿ-ը, պատասխանատվություն ստանձնելով եվրասիական անվտանգության համար, կարող է դառնալ խաղաղապահ գործողությունների համակարգի գործուն մասնակիցներից մեկը:

Ի դեպ, այս մասին խոսվում է նաև ֆորումի արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում