Արևելագիտության ինստիտուտը պատրաստվում է երկու խոշոր գիտաժողովի և հրատարակում հարևանների պատմությունը

Արևելագիտության ինստիտուտը պատրաստվում է երկու խոշոր գիտաժողովի և հրատարակում հարևանների պատմությունը

Հայաստանի հարևան երկրներն իրենց պատմությանը կարող են ծանոթանալ նաև հայ պատմաբանների կողմից գրվող գրքերի միջոցով: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կարևոր ծրագրերից մեկը «Հայաստանի հարակից երկրների պատմություն» գիրքն է, որը նախատեսված է չորս հատորով հրատարակել’ ներառելով հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:

«Մեր հարևանների պատմությունն ենք մենք գրում, որը մեր ինստիտուտի կարևոր նախաձեռնությունն է: Հարևանների պատմությունը գրում ենք ոչ միայն իրենց աղբյուրների հիման վրա, այլև մեր աղբյուրներից օգտվելով. դրա համար էլ այդ երկրների ներկայացուցիչները կարող են նորություններ գտնել այս գրքերում: Նախատեսել ենք, որ հայերենն ավարտվի, ավելի հակիրճ անգլերենը լույս տեսնի’ մեկ-երկու հատորով»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հրատարակված աշխատությունները հասանելի են օտար լեզուներով, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ որոշ աշխատություններ հրատարակվում են օտար լեզուներով, որոշները’ թարգմանվում:

«Օրինակ, իմ գիրքը ցեղասպանության մասին հրատարակվել է ֆրանսերեն, անգլերեն, կան աշխատություններ, որոնք թարգմանվել են արևելյան լեզուներով’ արաբերեն, պարսկերեն: Ունենք նաև աշխատություններ, որոնք արևելյան երկրներում են հրատարակվել»,- տեղելացրեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Վերոնշյալից բացի, ինստիտուտը հրատարկում է այլ գիտական պարբերականներ: «Մենք 1960 թվականից սկսած հրատարակում ենք «Մերձավոր Արևելքի երկրներ և ժողովուրդներ» պարբերականը, հրատարակում ենք նաև թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ. արդեն ինը հատոր կա: Կատարում ենք արևելաասիական հետազոտություններ’ Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի պատմության ուսումնասիրություններ: Սրանք միայն մեր պարբերականներն են, բայց տարեկան տասից ավելի մենագրություն ենք հրատարակում և հարյուրավոր հոդվածներ»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է արևելագիտության ինստիտուտի կողմից կազմակերպելիք գիտաժողովներին, ապա աշնանը սպասվում է միջազգային գիտաժողով’ «Առաջին աշխարհամարտը և հայությունը» թեմայով: «Նախապատրաստում ենք գիտաժողով, որը նվիրված կլինի արևելյան աղբյուրագիտության արդի խնդիրներին: Այդ խնդիրները շատ արդիական են դարձել, քանի որ մեր հարևաններն անընդհատ փորձում են մեր պատմությունը յուրացնել, կեղծել, իսկ մենք հենց արևելյան աղբյուրներով, օրինակ, պարսկական, ցույց ենք տալիս մեր իրական պատմությունը: Բացի այդ’ այս տարի մենք ունենք մի քանի այլ գիտաժողով’ Ռուսաստանի ստրատեգիական հետազոտությունների ինստիտուտի հետ կազմակերպվող, որի հետ մենք համագործակցում ենք»,- հայտնեց Ռուբեն Սաֆրստյանը’ կարևորելով նաև այս տարի անցկացված իրանագիտական գիտաժողովները, որոնցից մեկն Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի հետ են իրականացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում