Պետդեպի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի ռմբակոծման հարցին

Պետդեպի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի ռմբակոծման հարցին

Միացյալ Նահանգները’ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում հակամարտող երկու կողմերին աջակցելու իր հանձնառությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին’ պատասխանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության, ինչպես նաև պաշտոնական Բաքվից Հայաստանի հասցեին արվող ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին:

«Մենք մեծապես հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավորինս շուտ կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի’ Փարիզում հանդիպում անցկացնելու հրավերը, և որ նրանք կհամաձայնեն իրականացնել կառուցվածքային բանակցություններ, որոնք կտանեն խաղաղ համաձայնության կնքմանը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ կրկնապատկել իրենց ջանքերը բանակցային սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղությունը կբերի տարածաշրջանում բնակվող ժողովուրդներին»,- հայտարարել է Պսակին: Պետքարտուղարության խոսնակը հավելել է, ո ր սադրիչ հռետորաբանությունը և հայտարարությունները հակասում են լարվածությունը թուլացնելու սկզբունքներին և վնասում խաղաղության գործընթացին: Ուստիև Պսակին մեկ անգամ ևս կոչ է արել կրկնապատկել ջանքերը խաղաղության հասնելու համար:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք պետքարտուղարության խոսնակը տեղյակ է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանում ռմբակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրեր, Պսակին պատասխանել է, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Այդուհանդերձ նա հերթական անգամ կրկնել է միտքն այն մասին, որ խաղաղ կարգավորումը բխում է երկու երկրների շահերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում