Ադրբեջանի վահաբիները իրաքցի իսլամիստ ահաբեկիչներին միանալու պատրաստակամություն են հայտնել

Ադրբեջանի վահաբիները իրաքցի իսլամիստ ահաբեկիչներին միանալու պատրաստակամություն են հայտնել

Ադրբեջանում մեծացել է «Իրաքի և Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բեքր ալ Բաղդադիի երեսը տեսնել երազող վահաբիների (սունի արմատական ծայրահեղականներ) թիվը: Նրանք ԻԼԻՊ-ին միանալու և Իրաքում զավթած տարածքներում այդ խմբավորման հայտարարած «Իսլամական պետություն» հռչակված «խալիֆայությունում» բնակվելու պատրաստակամություն են հայտնել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Ադրբեջանի վահաբիներն այդ մասին հայտնել են սոցիալական ցանցերում ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ տարածքներ գաղթելու մասին աշխարհի մահմեդականներին «խալիֆ» Աբու Բեքր ալ Բաղդադիի առաջարկին տված պատասխաններում:

ԻԼԻՊ-ին պատկանող կայքերում ադրբեջանցիները հայտնել են, որ երազում են տեսնել իրենց «խալիֆի» դեմքը: Այդ անձինք ԻԼԻՊ-ի հետ կապված կայքերում «բոլորը դառնան խալիֆայության հպատակ» առաջարկություններ են արել: Նրանք Բաղդադիին նույնիսկ իրենց «խալիֆն» են հայտարարել: «Մեր խալիֆի այդ հայտարարութունից հետո Ադրբեջանում երկու ճակատ է ստեղծվել. մահմեդականներ և անհավատներ: Ալլահը թող պահպանի մեզ անհավատներից: Մենք ուզում ենք տեսնել մեր խալիֆի երեսը: Մեր խալիֆը մեզնից թաքցնում է դեմքը’ շատ բան իմանալու պատճառով», – սոցցանցերում գրել են վահաբի ադրբեջանցիները:

ԻԼԻՊ-ի առաջնորդ Ալ Բաղդադին երեկ սոցցանցերում տարածված տեսանյութում հանդես է եկել հայտարարությամբ, որում աշխարհի մահմեդականներին, այդ թվում’ Ադրբեջանի քաղաքացի վահաբիներին կոչ է արել բնակվելու գաղթել իրենց հռչակած իսլամական պետություն եւ օգնել պետության ստեղծմանը: Ալ Բաղդադին ասել է, որ դա յուրաքանչյուր մահմեդականի (միայն սունի) պարտականությունն է: Նա ասել է, որ Իրաքում և Սիրիայում զավթած տարածքներում իրենց ստեղծելիք իսլամական պետությունը բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, զինվորականների եւ վարչարարների խիստ կարիք ունի:

Publika.az-ը գրել է, որ աշխարհի մահմեդականներին իսլամական «խալիֆայությունում» բնակվելու եւ ջիհադի կոչով երեկ հանդես են եկել նաեւ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կազմում կռվող Ադրբեջանի քաղաքացի մոջահեդները:

Տարածված տեսանյութում տանկի վրա նստած ադրբեջանցի մոջահեդները հայտարարել են. «Ալլահն է մեզ նվիրել այս տանկը: Վերջերս այս տանկերով երկու գյուղ ենք գրավել: Այստեղ մեր եղբայրների կարիքը կա: Եկեք ջիհադ արեք, այստեղ Ալլահը ողորմած է, Ալլահը մեզ տվել է բոլոր իրավունքները: Մի նստեք անհավատների մեջ: Մեր գրաված վայրերը դատարկ են, եղբայրների կարիք ունենք: Միայն կռվելը չէ’ որևէ եղբայր կարող է սնունդ պատրաստել, էլեկտրիկ լինել, տանկ վարել, զենքերը մաքրել: Գաղթեք Շամի այս գեղեցիկ հողերը, Ալլահը ձեր առաջ կբացի բոլոր դռները»,- հայտարարել է Ադրբեջանի քաղաքացի մոջահեդը:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ-ի ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվը գերազանցում է 100-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից Նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի դեմ կռվում են Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: Ադրբեջանի օրենսդրությամբ’ ցանկացած օտարերկրյա զինված ջոկատում երկրի քաղաքացիների մասնակցությունը, որը չի ենթարկվում Ադրբեջանի պաշտոոնական կառույցներին, ծանր քրեական հանցագործություն է և որակվում է որպես վարձկանություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում