Թուրքիայի նախագահի թեկնածուները հրապարակել են իրենց ունեցվածքի չափը

Թուրքիայի նախագահի թեկնածուները հրապարակել են իրենց ունեցվածքի չափը

Թուրքիայի նախագահական ընտրությունների մեկնարկին առաջադրված թեկնածուները հրապարակել են իրենց ունեցվածքի մասին հայտարարագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ըստ հայտարարագրերի’ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից առաջադրված միասնական թեկնածու Իհսանօղլուն ունի Ստամբուլում իրեն կամ կնոջը պատկանող 9 բնակարան, մեկ 2006 թվականի արտադրության Opel Vectra մակնիշի ավտոմեքենա, իսկ բանկում 240 հազար 427 թուրքական լիրայի (ավելի քան 108 հազար ԱՄՆ դոլար) և 3 միլիոն 596 հազար 304 ԱՄՆ դոլարի հաշիվներ: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացված փաստաթղթում նշվում է նաև, որ Յոզգաթում պապից ժառանգած տարածքը և դրա վրա առկա շինությունները Իհսանօղլուն նվիրաբերել է Բոզոքի համալսարանին:

Ինչ վերաբերում է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին, ապա վերջինս, համաձայն իր հրամանագրի, Դիարբեքիրում ունի 260 հազար թուրքական լիրա (շուրջ 117 հազար 217 ԱՄՆ դոլար) արժողությամբ բնակարան, 100 հազար թուրքական լիրա (շուրջ 46 հազար 910 ԱՄՆ դոլար) գրասենյակային տարածք, կուսակցության աշխատանքների ժամանակ օգտագործվող երկու Audi մակնիշի ավտոմեքենա և մեկ Skoda մակնիշի մեքենա, որն օգտագործում է կինը:

Ավելի վաղ հրապարակվել էր հաջորդ ամենահավանական նախագահ Էրդողանի հայտարարագիրը, ըստ որի Էրդողանն ունի Գյունեյսու-Դումանքայա գյուղում 2000 քառակուսի մետր տարածք’ արժողությունը’ 10 հազար թուրքական լիրա (մոտ 6 հազար ԱՄՆ դոլար), բանկային հաշիվներում 3 միլիոն 390 հազար 384 թուրքական լիրա (մոտ 2 միլիոն դոլար), 25 հազար ֆունտ ստերլինգ, 199 հազար 867 ԱՄՆ դոլար և ևս 500 հազար թուրքական լիրայի (ավելի քան 283 հազար ԱՄՆ դոլար) բանկային կրեդիտներ:

Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան օգոստոսի 10-ին: Առաջին անգամ երկրում նախագահին կընտրեն համաժողովրդական ընտրության միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում