Թուրքական ընդդիմությունը դատի է տվել Էրդողանին

Թուրքական ընդդիմությունը դատի է տվել Էրդողանին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ)’ Կոնիայից ընտրված պատգամավոր Աթիլլա Քարթը առաջիկա նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածությունն առաջադրած վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դեմ հայց է ներկայացրել դատարան’ վիճարկելու համար սեփական ունեցվածքի մասին վերջինիս կողմից հրապարակված հայտարարագրում նշված կարողության չափը: Քարթը պնդում է, որ հայտարարագիրը թերի է, չի համապատասխանում իրականությանը եւ Էրդողանը պետք է շտկումներ մտցնի այնտեղ: 

Ըստ  թուրքական թերթերի’ Քարթը, ով հայտնի իրավաբան է, հայցում նշել է, որ Էրդողանը կանխամտածված կերպ ունեցվածքը գրանցել է «որդիների, դուստրերի, փեսաների և խնամիների» անուններով եւ պետությունից թաքցրել իր կարողության իրական չափը, որով խախտել է կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի մասին թիվ 3628 օրենքի դրույթները: Իրավաբանը հայցում ներկայացրել է իր հայտարարությունը փաստող հիմնավորումներ:

Նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Էրեդողանը թուրքական մամուլում հայտարարագիր էր հրապարակել, որում նշել էր, որ Գյունեյսու գավառի Դումանքայա գյուղում ունի 10 հազար լիրա արժողությամբ 2 հազար քառ.մ հողատարածք, 234 հազար լիրա արժողությամբ անձնական օգտագործման ավտոմեքենա, 4 միլիոն 404 հազար 192 լիրայի և 200 հազար ԱՄՆ դոլարի բանկային հաշիվներ և արժեթղթեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում