Թուրքիան մատների վրա է խաղացնում Բաղդադին և Էրբիլին

Թուրքիան  մատների վրա է խաղացնում Բաղդադին և Էրբիլին

Թուրքիան մինչ այժմ ոչ Բաղդադին, ոչ էլ Էրբիլին չի փոխանցել իրաքյան Քրդստանի ինքնավարության տարածքում արդյունահանված նավթի վաճառքից ստացված եկամուտները, որոնք նա կուտակում է իր մոտ: Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է այդ երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Թուրք նախարարը չի հայտնել իրաքյան նավթից ստացված եկամուտները Բաղդադին կամ քրդերին չփոխանցելու պատճառը’ այն դեպքում, երբ նավթի արտահանման պայմանագրի համաձայն, Անկարան պարտավորվել էր նավթի վաճառքից եկամուտները հանձնել Բաղդադին եւ Էրբիլին: Ներկա դրությամբ’ թուրքական «Հալք բանկ»-ում կուտակվել է իրաքյան նավթի առաջին խմբաքանակի վաճառքից ստացված 97 մլն դոլարը:

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում արդյունահանված նավթի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը Թուրքիան Էրբիլի հետ ստորագրել է 2012 թվականին’ շրջանցելով Իրաքի կենտրոնական կառավարությունը, ինչը խիստ լարվածություն էր առաջացրել Բաղդադի եւ Անկարայի միջեւ:

Իրաքի օրենսդրության համաձայն’ կենտրոնական կառավարությունը պարտավոր է նավթի վաճառքից ստացված եկամտի 17 տոկոսը հատկացնել քրդական ինքնավարությանը: Ընդ որում, Բաղդադը դեմ է տեղական ինքնակառավարման մարմիններին ածխաջրածինների արտահանման, արդյունահանման ու հետազոտությունների ինքնուրույն պայմանագրեր կնքելու իրավունք տրամադրելուն:

Թուրքիայի եւ իրաքյան Քրդստանի ղեկավարության միջեւ նավթի արտահանման մասին պայմանագրի ստորագրումից հետո պաշտոնական Բաղդադը հանդես էր եկել այդ ապօրինի գործարքը դատապարտող հայտարարությամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում