Տիպիկ թբիլիսահայը` վրացական արժույթի խորհրդանշի հեղինակը

Տիպիկ թբիլիսահայը` վրացական արժույթի խորհրդանշի հեղինակը

Armenian-community.ge-ն գրել է.

Հուլիսի 8-ին Վրաստանի Ազգային Բանկի նախագահը հայտարարել է, որ Վրաստանի ազգային արժույթը’ լարին արդեն ունի պաշտոնական խորհրդանիշ: Վրաստանի ազգային արժույթի խորհրդանշի ստեղծման աշխատանքները սկսվել են 2013թ.-ի դեկտեմբերին: Լավագույն գաղափարի մրցույթ էր հայտարարվել, և ահա լարին ձեռք բերեց իր խորհրդանիշը, որի շնորհիվ այն պետք է ճանաչվի արժույթի համաշխարհային շուկայում:
«Բազմամսյա աշխատանքի շնորհիվ մենք վերջապես ձեռք բերեցինք մեր արժույթի խորհրդանիշը: Խորհրդանշի ձեռքբերումը շատ կարևոր է մեր երկրի ազգային արժույթի ժողովրդականության տեսանկյունից: Կգա ժամանակը և Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ: Այդժամ մենք կհրաժարվենք մեր ազգային արժույթից, բայց մինչ այդ հատկապես այդ խորհրդանշի շնորհիվ մեր լարին կճանաչեն ամբողջ աշխարհում», -վրացական լարիի խորհրդանշի շսնորհանդեսի ժամանակ հայտարարել է Վրաստանի Ազգային Բանկի նախագահ Գիորգի Քադագիձեն:
Վրաստանի ազգային արժույթի նոր խորհրդանշի հեղինակ է ճանաչվել նկարիչ Մալխազ Շվելիձեն, որն իր կատարած աշխատանքի համար պարգևատրվել է պատվավոր դիպլոմով և 2000 լարի դրամաշնորհով: Մինչդեռ, ինչպես հայտնի դարձավ, նկարիչը միայնակ չի աշխատել տվյալ նախագծի շուրջ: Լարիի խորհրդանշի ստեղծման աշխատանքներին է մասնակցել 17 հոգուց բաղկացած խումբ, որի մեջ է եղել նաև դիզայներ Ալեքսանդր Սուքիասովը:
Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Վրաստանի ազգային արժույթի նոր խորհրդանշի համահեղինակ, վրացական և լատինական բազում տառատեսակների հեղինակ, դիզայներ Ալեքսանդր Սուքիասովի հետ հարցազրույցը:

Առաջին հերթին «Վրաստանի Հայ Համայնք»-ի անունից շնորհավորում ենք Ձեզ ձեռք բերած հաջողության համար: Իսկապես, շատ կարևոր է, որ Վրաստանի ազգային արժույթի ստեղծման աշխատանքում մասնակցություն է ունեցել հայը: Պատմե՛ք փոքր-ինչ Ձեր մասին:
– Շնորհակալություն: Ես արմատներով թբիլիսիեցի եմ: Մեր ընտանիքն արդեն 5 սերունդ է, ինչ ապրում է այս քաղաքում: Ես ինքս գրաֆիկ, տառատեսակային դիզայներ և նախագծի մենեջեր եմ: Այն, ինչ ես հիմա դարձել եմ, կառուցվել է մանկության մասունքներից: Իմ ծնողներն ավարտել են տեխնիկական համալսարաններ, այդ իսկ պատճառով ես սովորել եմ մաթեմատիկայի թեքումով դասարանում, իսկ հետո ընդունվել եմ Պետ.համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետը: Ես հեշտ էի սովորում, բայց առանձնապես տարված չէի ուսմամբ:
Մանկությունից ես շատ կապված եմ եղել պապիկիս հետ, որն ամբողջ կյանքում աշխատել է նկարիչ, և նա ինձ համար իր գործի մեջ իսկական մասնագետի կենդանի օրինակ էր: Ես նրա հետ աշխատանքի էի գնում, հետաքրքրվում էի ֆոտոխցիկներով և ուշադրությամբ հետևում էի, թե ինչպես պետք է պարամետրերը հարմարեցնել լավ կադր ստանալու համար: Առաջին իսկ հնարավորության դեպքում ես ինքս էի փորձարկում, պատրաստել էի իմ սենյակում փոքրիկ ֆոտո-ստուդիա: Ես կարող էի ժամեր անցկացնել այնտեղ’ գովազդի համար նկարելով տարբեր առարկաներ, իսկ հետո մշակում էի նկարները համակարգչով: Այդ կերպ, դպրոցում արդեն ես տիրապետում էի նկարչության արվեստին և հետ վարժվեցի գրաֆիկական գծագրերի մեջ:
Երրորդ կուրսում, չնայած որ չունեի դիզայնի բնագավառում մասնագիտական կրթություն, ես առաջին անգամ աշխատանքի տեղավորվեցի վեբ-ստուդիայում: Այնտեղ ես ստեղծեցի մի քանի աշխատանք և շուտով առաջարկություն ստացա աշխատելու «Ֆլիտ» գովազդային ընկերությունում, որտեղ ես առաջին անգամ առնչվեցի տառատեսակների մշակման հետ: Ինձ այդ գործը շատ հետաքրքրեց: Ես փորձում էի նկարել տարբեր եզակի գրվածքներ ընկերության համար, բայց հատուկ մասնագիտական ցնցում արեցի «Սաքիդեամշենի» ընկերությունում’ այնտեղ աշխատելով 3 տարի: Այդ ժամանակաշրջանում ես սկսեցի ստեղծել լատինական տառատեսակներ և հասկացա, որ աշխատելով այդ ուղղությամբ’ կարելի է դուրս գալ միջազգային շուկա:
Այդպես էլ եղավ: Իմ աշխատանքները տեսան Անգլիայում, և շուտով առաջարկություն ստացա համագործակցել «The Northern Block» ընկերությունում’ որպես տառատեսակային դիզայներ և տեխնիկ: Որոշ ժամանակ անց ես սկսեցի համագործակցել «Dalton Maag» ընկերության հետ «Burberry» խանութի համար վրացական գրվածքներ ստեղծելու համար: Վատ չէր ստացվում: Ինչպես նաև գլխավոր նախագծերից մեկը, որով ես շատ եմ հպարտանում, դարձավ «Վրաստանի Բանկի» համար եզակի տառատեսակը, որը ես ստեղծել եմ «Ֆլիտ» ընկերության հետ համագործակցության ժամանակ: Հպարտանում եմ նաև, որ տառատեսակ եմ ստեղծել «Թի Բի Սի» բանկի համար: Այդ տառատեսակը ստեղծվել է այն ժամանակահատվածում, երբ ես համագործակցում էի «Վինդֆորս» ընկերության հետ: Տվյալ պահին ես աշխատում եմ «63 բիթս» ընկերությունում: Զբաղվում եմ ինչպես վեբ-նախագծերի մենեջմենթով, այնպես էլ դիզայնով: Այդ կերպ կյանքիս տվյալ փուլում ես միավորել եմ իմ նախնական մասնագիտությունը իմ սիրելի գործի հետ:
Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել վրացական արժույթի խորհրդանշի ստեղծման աշխատանքներին:
-Իմ դիզայներական կարիերայի սկզբից ևեթ, շատ տարիներ առաջ, ես մտածում էի պետության խորհրդանիշերի մասին: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ դրոշի, գերբի և հիմնի հետ հավասար կարևոր դեր ունի նաև արժույթը: Նրա նշանակությունը: Ես գիտեի, եթե Վրաստանն ունի իր արժույթը, ապա վաղ թե ուշ նրա համար անհրաժեշտ կլինի ստեղծել իր եզակի խորհրդանիշը, որը նրան ճանաչում կտա: Դժվար չէր նկատել, որ դոլարը, եվրոն և այլն ունեն մի ընդհանուր սկզբունք, և լավ կլիներ խորհրդանիշ ստեղծել հենց նույն այդ տրամաբանությամբ: Այդ ժամանակ արդեն ինձ մոտ ծնվեց այդ գլիֆ-խորհրդանշի մտահղացումը: Ես մտածում էի գնալ Ազգային Բանկ և առաջարկել նրանց մտցնել դա օգտագործման: Բայց Ազգային Բանկն այն ժամանակ դժվար թե լուրջ ընդուներ մի սկսնակ դիզայների առաջարկությունը: Եվ ահա երբ իմացա, որ Բանկը մրցույթ է հայտարարել լարիի նշանի ստեղծման համար, ես մի գրամ անգամ կասկած չունեի, որ այնտեղ ես մասնակցելու եմ: Առավել ևս, որ ես արդեն պատրաստի գաղափար ունեի:
Աշխատանքային խմբում քանի՞ հոգի էին մասնակցում և ինչո՞ւմ էր կայանում Ձեր մասնակցությունը:
– Իհա՛րկե, մրցույթի մասին իմացան շատ դիզայներներ, և բոլորը սկսեցին նկարել իրենց տարբերակները: Այդ ժամանակ ինձ հետ կապվեց իմ լավ ծանոթ Դավիթ Բիրմանը: Նա առաջարկեց միանալ և տարբերակներն ուղարկել միասին: Նա ուներ իր գաղափարները և իրեն պետք է տառատեսակագետ, որը կկարողանար նկարել դրանք: Ես հաճելիորեն զարմացա, երբ հենց մեր առաջին հանդիպման ժամանակ Դավիթը թղթի վրա նկարեց նշանի իմ տարբերակը, և ասաց, որ խորհրդանիշը պետք է հենց այս տեսքն ունենա: Մեր գաղափարներն ու տեսությունները համընկնում էին, և մենք գործի անցանք:
Մրցույթին կարելի էր ուղարկել 3 տարբերակ: Մենք աշխատում էինք խստորեն հետևել կանոններին, և մի քանի շաբաթ անց մեզ մոտ արդեն երեք նշանների շնորհանդեսն էլ պատրաստ էր’ նյութի ամբողջական նկարագրությամբ և օգտագործման կանոններով: Արդյունքում մի քանի ամիս անց 300 մասնակիցների երկար գնահատականներից հետո մնաց 5 տարբերակ (17 հեղինակ), և բոլոր մնացած առաջարկությունները գաղափարապես նման էին իրար, եթե չասենք, որ նույնն էին: Ժյուրին դժվարանում էր ընտրել մեկ հաղթողի: Որոշվեց լարին հաստատել այնպիսին, ինչպիսին կա, իսկ բոլոր հեղինակներին անվանել համահեղինականեր: Ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր: Մենք բոլորս միմյանցից անկախ աշխատել ենք մի խորհրդանշի վրա, և քանի որ այդքան մասնակիցներ ունեցել են նույն գաղափարը, ուրեմն լարին անխոս պետք է լինի հենց այդպիսին:
Ներդրումը, որն ունեն հայերը Վրաստանի զարգացման գործում, ինչպես պետության, անպես էլ երկրի կյանքի տարբեր բնագավառներում, շատ մեծ է: Մինչդեռ, այսօր, ցավոք, ոչ բոլորն են հիշում այդ մասին: Հաճախ կարելի է լսել իրոնիայով ասված նման արտահայտություն. «Ի՞նչ, մի՞թե սա էլ են հայերը ստեղծել… և այլն»: Ի՞նչ եք կարծում, եթե շատ տարիներ հետո որևէ մեկն ասի. «հայը մասնակցել է լարիի խորհրդանշի ստեղծմանը», արդյո՞ք շատերը կհավատան դրան:
– Ես սպասում էի նման հարցի… Չարժե շատ հիվանդագին վերաբերվել կատակներին և վիճակագրություն անցկացնել, թե ով ինչքան, երբ և ինչ է արել Վրաստանի համար: Եթե շատ տարիներ անց մեկն ասի, որ հայն է ստեղծել լարիի համար խորհրդանիշ, նրան կարող են չհավատալ, միայն նրա համար, որովհետև դա ճիշտ չէ: Ես խորհրդանշի համահեղինակ եմ, և նման նշան ստեղծելու գաղափար ունեցել են միաժամանակ մի քանի հոգի:
Արդեն այն փաստը, որ ինձ ճանաչել են համահեղինակ և շնորհել վկայական, խոսում է այն մասին, որ մեր երկրում մասնագետների հանդեպ կողմնակալ վերաբերմունք չի ցուցաբերվում: Խտրականություն չկա ազգային պատկանելության հենքի վրա: Ուրիշ բան է, երբ մեր ազգի շատ ներկայացուցիչներ իրենց չկայանալու արդարացումը չգտնելով, խտրականության մեջ են պատճառ փնտրում: Ուղղակի զբաղվե՛ք սիրած գործով, արե՛ք այն որակյալ, և ձեզ անպայման կգնահատեն: Ես այդպես եմ կարծում:

Դե՛ ինչ «Միություն» թերթի խմբագրությունը ևս միանում է «Վրաստանի Հայ Համայնք»-ի շնորհավորանքներին և մաղթում է Աեքսանդր Սուքիասովին հետագա ստեղծագործական ձեռքբերումներ: Խմբագրությունը շնորհավորում է նաև Վրաստանի ազգային արժույթի խորհրդանշի պաշտոնապես հեղինակ հայտարարված Մալխազ Շվելիձեին, որի անունն անպայման պատմության մեջ կմտնի’ որպես Վրաստանի պետականության խորհրդանիշերից մեկի համար ճանաչողական նշանի ստեղծող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում