Ադրբեջանի հիմնը գործիքավորողի դուստրը ապաստանել է Հայաստանում

Ադրբեջանի հիմնը գործիքավորողի դուստրը ապաստանել է Հայաստանում

Ադրբեջանում հալածանքներ են սկսվել պետական հիմնի գործիքավորող կոմպոզիտոր Ռաուֆ Ալիևի դեմ: Azpolitika.info-ն գրում է, որ Ալիևին հալածում են նրա դստեր’ Ռոյա Միրզաևայի ընտանյոք հանդերձ Հայաստանում ապաստանելու համար: Պետական հիմնի գործիքավորումը «թշնամու մոտ ապաստանածի հորը» վստահելու փաստը հերթական հակահայ հիսթերիան է առաջացրել Ադրբեջանում:

Aznews.az-ի հետ զրույցում Ադրբեջանի կոմպոզիտորների միության քարտուղար Սարդար Ֆարաջովն ասել է, որ թեեւ իրեն չի հաջողվել լսել հիմնի գործիքավորումը, սակայն, գտնում է, որ Ադրբեջանին «խայտառակած ընտանիքի գլխավորին պետական հիմնի հետ աշխատանք հանձնարարելն անթույլատրելի է, քանի որ գործիքավորողն ինքն իրեն եւս հեղինակ է համարում»:

Հերթական հակահայ ռասիստական հիսթերիայի գլխավոր պատճառն այն է, որ Ռաուֆ Ալիևի կինը մայրական տատի կողմից հայուհի է, ոստի, ըստ ադրբեջանական տրամաբանության, հայուհի է նաև նրա աղջիկը, ով այս տարվա հունվարի 29-ին հայ-վրացական սահմանակետով ամուսնու և երեխաների հետ անցել է Հայաստան և ապաստանի խնդրագիր ներկայացրել: Հայաստանի պատկան մարմինները բավարարել են Ռոյա Միրզաևայի (ազգանունը նրա առաջին ամուսնուց է մնացել), նրա ամուսնու’ Ջավիդ Օրուջովի’ երեք անչափահաս երեխաների հետ Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքը:

Հայտնի է դարձել նաև, որ «նմանը չունեցող զարգացում ապրող» Ադրբեջանը սեփական պետական հիմնը կատարելու նվագախումբ, երգչախումբ և ձայնագրելու հնարավորություններ չունի: Ադրբեջանի պետական հիմնը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կողմից ձայնագրվելու վերաբերյալ տեսանյութ է տարածվել: Սկզբում Ռաուֆ Ալիևը հերքել է, թե օրհներգը կատարել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը’ պնդելով, թե այն կատարվել է ադրբեջանական նվագախմբի կողմից, սակայն տեսանյութի տարածումից հետո Ադրբեջանը չի կարողացել կոծկել սեփական խայտառակությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում