Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները լարված են

Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները լարված են

Բրիտանական The Daily Mail թերթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ներկայացրել է որպես աշխարհում ամենակոռումպացված ռեժիմներից մեկի ղեկավար և բռնակալ:  Ադրբեջանի «միլիարդատեր բռնակալ ղեկավար» Ալիևի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար կրկին խիստ քննադատություններ են հնչել Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, Յորքի դուքս Էնդրյուի հասցեին:

Հոդվածում ասվում է, որ հուլիսի 8-ին Էնդրյուն Բուկինհեմյան պալատում գաղտնի հանդիպում է ունեցել ադրբեջանական նավթի արտահանման հիմնական օպերատոր «Բրիթիշ Փերոլիում» (BP) ընկերության տնօրեն Ռոբերտ Դադլիի հետ:

Թերթը նշում է, որ թեև Ալիևի հետ անօրինական առևտրային գործարքներ ունենալու մասին մի շարք աղմկալից լուրերի հրապարակումներից հետո երեք տարի առաջ Էնդրյուն հրաժարվել է Մեծ Բրիտանիայի առևտրի հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն նա դեռևս շարունակում է Բրիտանիայի հետ կապված բիզնես շահերի տեսակետից մի շարք երկրների հետ ունեցած իր նախկին հարաբերությունները:

Թերթը հայտնում է, որ Էնդրյուն վերջին 6 տարում 8 անգամ հանդիպել է Ալիևի հետ. բրիտանական մամուլը գրել է, որ բացի պաշտոնական և մասնավոր այցերից, Էնդրյուն Ադրբեջանում մասնակցել է մասնավոր «փարթիների» և Ալիևի համար ընթրիք կազմակերպել Բուկինհեմյան պալատում: Հոդվածի համաձայն’ Ադրբեջան կատարած այցերից մեկին, Էնդրյուն եղել է նաև Ալիևներին պատկանող մերսման շքեղ սրահում, որտեղ աշխատում է «աշխարհի ամենալավ ձեռքերը» անունով հայտնի ռուս մերսողը:

Բրիտանական մամուլում Ադրբեջանի հետ կապված քննադատական հոդվածների հրապարակումը խոսում է այն մասին, որ այդ երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են: Բանը հասել է նրան, որ երկար ժամանակ Բրիտանիայում լոբբիստական գործունեություն ծավալած Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդին’ Թալեհ Հեյդարովը որոշել է իր կողմից հիմնադրված «Եվրոպա-Ազերբայջան» կազմակերպությունը Մեծ Բրիտանիայից տեղափոխել Ֆրանսիա: Ենթադրվում է, որ BP-ի տնօրենի հետ Էնդրյուի գաղտնի հանդիպումը կապված է Բրիտանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարման հետ: Բացի դրանից, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանին փոխելը ևս դրանով է բացատրվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում