Արցախ Barcamp. ճանաչենք Արցախն ու Արցախի մասին պատմենք աշխարհին

Արցախ Barcamp. ճանաչենք Արցախն ու Արցախի մասին պատմենք աշխարհին

Հուլիսի 24-28-ը Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում անցկացվում է չորրորդ «Արցախ Barcamp»-ը: Միջոցառման ընթացքում մասնակիցներն ազատ գրաֆիկով զեկուցումներ են ներկայացնում տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունների վերաբերյալ:

Միջոցառումը հովանավորվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից, համակազմակերպիչներն են Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՏՏ զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը, այս տարի Արցախ Barcamp-ի համար ընտրվել է Ծմակահող գյուղը, քանի որ արդեն մի քանի տարի պլանավորվում էր Barcamp-ն անցկացնել գյուղական համայնքում եւ վրանային պայմաններում:

«Ծմակահող գյուղը բոլոր նպաստավոր պայմաններն ունի` Barcamp-ն այստեղ անցկացնելու համար: Ամենագրավիչ հանգամանքներից մեկն այն է, որ Ծմակահողն ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի ծննդավայրն է: Երկրորդ, համայնքում շատ երիտասարդներ կան, համայնքի ղեկավարը եւ երիտասարդ է ու մեզ ամեն հարցում աջակցում է: Կենցաղային պայմաններն այստեղ բավականին լավն են,» նշեց մեր զրուցակիցը:

Արցախ Barcamp 2014-ի նպատակները նույնն են, ինչ որ եղել են նախորդ տարիներին. մասնավորապես, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններն ու աշխարհին պատմել Արցախի մասին: Արցախ Barcamp-ն այս տարի հյուրեր ունի Նիդերլանդներից ու Դանիայից:

«Այս տարի որոշել ենք նաեւ ուշադրություն դարձնել հոգեւոր անվտանգության ոլորտին: Բոլորդ էլ գիտենք, որ մենք հաղթել ենք պատերազմի դաշտում, բայց այսօր մեր թշնամին ջանք չի խնայում տեղեկատվական ու հոգեւոր դաշտում մեր ոգին կոտրելու համար: Մենք դրա դեմ պետք է պայքարենք», նշեց Վլադիրմիր Գրիգորյանը:

Այս համատեքստում տեղեկացնենք, որ Արցախ Barcamp 2014-ի առաջին զեկուցումը հենց նվիրված էր հոգեւոր անվտանգության թեմային: Ծրագրի հյուր Հայր Հակոբն իր խոսքում նշեց, որ հավատը այն սաղավարտն է, որով պետք է պաշտպանվի յուրաքանչյուր անձ: «Աստծո հետ երկխոսելով եւ աստվածային սերն ընդունելով մարդ անպարտելի է դառնում ցանկացած չար ուժի համար: Ձեր շունչն ամեն վայրկյան կապեք աղոթքի հետ», կոչ արեց նա ծրագրի մասնակիցներին:

Այս տարի Barcamp-ի շրջանակներում նախատեսված է այցելություն դեպի Եղնիկներ զորամաս: «Մեր ամենամեծ վահանը, մեր հույսը մեր բանակն է, եւ մեր թշնամին ամեն ձեւով փորձում է տեղեկատվական դաշտում բեկում մտցնել ու ապացուցել նախ մեզ, հետո իրենց, որ մեր բանակը մարտունակ չէ: Մեր այցելության ընթացքում միանգամից մի քանի տասնյակ ակտիվ երիտասարդներ կգնան ու իրենք իրենց աչքով կտեսնեն, թե ինչ պայմաններում են ծառայում ամենահեռավոր զորամասի զինվորները: Սա ամենաբարդ զորամասներից մեկն է, մյուս կողմից’ սա նաեւ ամենահետաքրքիր զորամասներից մեկն է», նշեց մեր զրուցակիցը:

Արցախի Հանրապետության Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախ Barcamp–ի կազմակերպման հիմնական նպատակներից է Արցախի մասին աշխարհին պատմելը: «Մենք խնդիր ունենք աշխարհին ներկայանալ որպես զարգացող պետություն, որտեղ ոչ թե պատերազմ է ընթանում, այլ խաղաղ կյանք է, բոլոր ինստիտուտները լիարժեք գործում են, հասարակությունը զարգանում է: Մեզ համար կարեւոր է, որ Արցախի մասին հնարավորինս շատ տեղեկատվություն գնա արտաքին աշխարհ», նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ այլ բան է, երբ մի բանի մասին գրում են միայն լրագրողներ, եւ այլ բան է, երբ գրում են բլոգերներ, ուղղակի մարդիկ, ովքեր ակտիվ են սոցցանցերում:

«Արցախ Barcamp-ում չկա քաղաքականություն եւ մարդիկ գրում են այն, ինչ որ տեսնում են, առանց որեւէ ենթատեքստերի», ընդգծեց փոխնախարարը:
Կարեւոր է նաեւ Արցախ հնարավորինս շատ մարդ հրավիրել, ովքեր կգան, կտեսնեն Արցախն ու իրենք էլ իրենց հերթին իրենց ընկերներին կհրավիրեն այստեղ: Ըստ Գայանե Գրիգորյանի, այս ամենի միջոցով ավելանում է Արցախի մասին աշխարհին հասնող տեղեկատվությունը, ինչի արդյունքում հնարավոր է’ զարգացման ու համագործակցության նոր հեռանկաներ կբացվեն:

Արցախ Barcamp-ի երկրորդ նպատակն ըստ փոխնախարարի’ հայ երիտասարդներին միամյանց հետ շփվելու, ծանոթանալու հնարավորություն տալն է: «Երբեմն լսում ենք «հայաստանցի», «ղարաբաղցի» տարբերակումները, մենք այս ճեղքն ենք ուզում վերացնել: Չնայած ասեմ, որ այս վերջին տարիներին այսպիսի բաժանումներն ավելի քիչ են, քանի որ կապն է ակտիվացել»: Արցախ Barcamp-ը նաեւ լավ հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման համար: Կարեւոր է, որ ամեն տարի Barcamp-ին մասնակցում են հյուրեր արտասահմանից եւ ներկայացնում են իրենց փորձը:

«Սա նաեւ շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար իրենց ամառային հանգիստը բնության գրկում անցկացնելու համար», նշեց փոխնախարար Գայանե Գրիգորյանը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է ճանաչի, շոշափի իր հայրենիքը, իսկ Արցախը մեր հայրենիքի կարեւորագույն մասն է: Եթե գաս, շոշափես, կարեւորես, կսիրահարվես Արցախին, եւ պետք եղած ժամանակ կկանգնես Արցախի պաշտպանության համար», ամփոփեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերով փոխնախարարը:

Տեղեկացնենք, որ այս տարի ընդայնվել է Արցախ Barcamp-ի մասնակիցների աշխարհագրությունը: Եթե առաջ մասնակիցները հիմնականում Արցախից ու Երեւանից էին, ապա այս տարի կան մասնակիցներ նաեւ Կոտայքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերից:

Զեկուցումներն Արցախ Barcamp-ում շարունակվում են:

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում