Ես ազատամարտիկ չեմ, բայց եղել եմ մեր զինվորի կողքին. Արցախյան պատերազմի մասին պատմում է երաժիշտ Արա Գևորգյանը. լուսանկարներ

Ես ազատամարտիկ չեմ, բայց եղել եմ մեր զինվորի կողքին. Արցախյան պատերազմի մասին պատմում է երաժիշտ Արա Գևորգյանը. լուսանկարներ

Razm.info-ը գրել է.

Ուրեմն սկսում եմ սկզբից: Ես ստեղծագործում էի, ամեն օր գալիս ու մասնակցում էի Ազատության հրապարակում անցկացվող բոլոր միտինգներին: Շատ ազդվեցի ու զայրացա մի հայտարարությունից երբ ասացին, որ Արցախում, մեր ծննդատներից երեխաներին ադրբեջանցիները դուրս են նետում, հետո կին էին այրել ու գրել «армянский шашлик», նկարն էլ ցուցադրվեց: Դա ինձ վրա շատ ազդեց:

Զրույցն այսպես է սկսում երաժիշտ, ստեղծագործող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը:

«Շատ լավ ընկերներ ունեի, որոնք կռվում էին Արցախում: Երբ ասում էի ինձ էլ տարեք, չէին տանում, պատճառաբանելով, որ երաժիշտ եմ: Այդ տղաները հաճախ էին գիշերում մեր տանը’ նույնիսկ մի մասը զենքը որպես բարձ էին օգտագործում: Դա Աղավնաձորի ջոկատն էր, Բերդաձորի Անդոյի’ Անդրանիկ Հարությունյանի հրամանատարությամբ, ով էլ 4 տարի պաշտպանել էր Բերդաձորը »,- պատմությունը սկսում է Արա Գևորգյանը:

Մի օր էլ չդիմացա, իմ հարազատ եղբայրը Ղարաբաղում էր, դեղորայք ու այլ բաներ էր տանում: Եղբորս զինվորական հագուստը վերցրի, շատ ճմրթված էր, տարա մորաքրոջս մոտ, խնդրեցի, որ արդուկի: Մայրս մահացել էր արդեն: Դա 1992 թվականի հունիսն էր: Տարա մորաքույրս զարմացած ասաց’ քոռանամ ես, ուր ես գնում: Ասացի. «Մորքուր ջան, գնում եմ Գառնիում ֆիլմում նկարահանվելու»: Հետո արդեն ես զինվորական հագուստով իմ ընկերներին դիմավորեցի մեր տանն ու ասացի, որ այլևս ինձ չեն կարող չտանել: Ինձ միշտ ասում էին. «Դու մնա, մուզիկա գրիր»: Բայց ի՞նչ երաժշտություն գրելու ժամանակ էր: Ասացի, որ եթե ձեզնից մեկը հանկարծ զոհվեց, ես ինչ խղճով պիտի ապրեմ: Ինչպե՞ս իմ ընկերներն իմ տնից գնան կռիվ, իսկ ես մնամ տանը: Մի խոսքով համոզեցի»,- շարունակում է երաժիշտը:

«Ընկերներս ինձ տվեցին Կարաբին տեսակի զենք ու մենք գնացինք: Իրենք գնացին զինվորական մեքենայով, ես իմ սեփական Lada 09 մակնիշի մեքենայով, որով էլ 2003 թվականին դարձա միջազգային ավտոմրցաշարի հաղթող’ իհարկե սիրողական կարգում: Իմ մեքենան շատ լավ սպորտային տեսք ուներ: Ճանապարհին եկող մի մեքենա չհասած դեռ Լաչին լույսերով թարթում էր, կանգնեցի: Եղբայրս մեքենաս նկատել էր, կանգնեցրեց, հարցրեց’ շորերս հագել ուր ես գնում: Մի խոսքով, եղբայրս գալիս էր, ես գնում էի:

Արա Գևորգյանն Արցախում ադրբեջանական տանկի մոտ

Եկանք Լաչին այն ժամանակ, երբ դեռ այն նոր էինք ազատագրել ու ճանապարհները դեռ ականապատ էին: Հրամանատար Անդրանիկ Հարությունյանը եկավ, ասաց. «Ար ջան, քեզ շատ ենք սիրում, բայց մենք հիմա մտնում ենք մարտական գոտի, և դու հիմա զինվոր ես, ես’ հրամանատար»: Այդ ճանապարհը որ անցնում էի այնքան հպարտ էի ու այնքան լավ էի զգում, որ իմ ընկերների կողքին էի: Ամուսնացած չէի, մայրիկս մահացել էր, ապրում էի մենակ ու կորցնելու ոչինչ չունեի»,- պատմում է երաժիշտը:

Հետաքրքրվում ենք մարտական գործողություններին մասնակցության ու զգացողությունների մասին:

«Իմ զինակից ընկերները շատ սուտասան էին: Ինձ ասում էին, թե առավոտ գնում ենք մարտի, հիմա պառկել է պետք հանգստանալ: Պառկում էի, առավոտյան արթնանում տեսնում, որ բոլորը գնացել են ու ինձ մենակ թողել: Արթնանում էի, ինձ պատեպատ տալիս, գալիս էին, տեսնում էի, որ բոլորը ողջ են, հանգստանում էի: Ուր գնում էինք, մարտական գործողությունների պահին իրենք ինձ թողնում էին թիկունքում»:

Արա Գևորգյանն Արցախում 1992թվական

Ոչ այնքան հայտնի Արա Գևորգյանի և Վազգեն Սարգսյանի հանդիպումը

«Մի անգամ էլ Ստեփանակերտում ծանոթացրին Վազգեն Սարգսյանին: Այն ժամանակ անունս հայտնի չէր, այլ «Ռալլի» խմբի երաժիշտն էի: Վազգեն Սարգսյանի հետ որ ծանոթացա, ասաց. «Չեմ հասկանում живой мишень ( կենդանի թիրախ) եք բերել, վաղը հետ կուղարկեք երաժիշտին»: Մյուս օրն ինձ հետ ուղարկեցին, վերադարձա, ու երբ հաջորդ գործողության ժամանակ ջոկատը նորից պիտի գնար մարտի, այս անգամ ուղղաթիռով, ես նորից նույն համառությամբ գնացի ու ուղղաթիռ մտա: Օդաչուն Արմեն անունով մի հրաշալի տղա էր, հետո դարձավ Ազգային ժողովի պատգամավոր: Հասել էինք Շուշիի կողմերը, երբ ուղղաթիռը քարի պես սկսեց վայր ընկնում: Բռնվել ու գոռում էինք’ Արմե՜ն, ի՞նչ եղավ: Մոտ 18 հոգի էինք, նաև հրամանատար Անդրանիկի փոքր տղան: Ես նրան նախատում էի, թե ինչու է տղային հետը բերում: Ասում էր’ թող գա հետևս կանգնի, որ իմանամ’ ում համար եմ կռվում: Բարեբախտաբար, ուղղաթիռին երբ խփում էին, վրիպեցին, և մենք ստիպված վայրեջք կատարեցինք Շեխեր գյուղի դաշտում։ Ուղղաթիռի պոչը խրվել էր ցեխի մեջ: Օդաչու Արմենն ասաց’ դուրս փախեք, հնարավոր է գնդակոծեն ուղղաթիռը: Դուրս եկանք ծառերի տակ դիրքավորվեցինք: Մեկ էլ տանկերի ձայն եկավ, ու հանկարծ տեսանք, որ տանկի վրա եռագույն է երևում: Այդպես ուրախացանք, միացանք մերոնց»:

Արա Գևորգյանն Արցախում. 1992 թվական

Արա Գևորգյանի արցախյան պատմության ավարտի ու զինվորի կողքին լինելու մասին

«Իմ մասնակցությունը Արցախյան պատերազմին մի երկու ամսվա պատմություն էր, այն էլ գնալ-գալով: Հետո վատ լուր ունեցանք, որ ականի վրա պայթել էր մեր ջոկատի Արմեն Երիցյանը, ով Կիմ Երիցյանի (անվանի դերասան-Ռազմինֆո) քրոջ որդին էր, հետո նաև զոհվել էին Արտակն ու Բերդաձորի Անդոն: Ես ինձ ազատամարտիկ չեմ կոչել ու չեմ կոչի, բայց ես եղել եմ մեր զինվորի կողքին: Ինձ մոտ միայն հպարտություն է եղել, որևէ հուզմունք, լարում չի եղել: Աստված չանի կռիվը սկսվի, ես էլի կգնամ: Որ ասում են, թող երաժիշտն իր գործով զբաղվի, նկարիչն’ իր, ես համաձայն չեմ: Չէ՛, երբ մեզ վրա թշնամու մեծ ալիք է գալիս, պիտի մեր բանակի հետ միասին դիմակայենք:

Երբ իմ ընկերները զոհվեցին, ես մեր տանն իրենց նկարները դրել էի մորս նկարի կողքը: Մի օր գիշերվա ժամին երկար նայեցի այդ նկարներին ու ծնվեց մի ստեղծագործություն, որն էլ նվիրեցի իմ մահացած ընկերներին: Երաժշտությունն անվանեցի «Օվկիանոսից այն կողմ», խոսքը մեր գլխավերևի օվկիանոսի մասին է: Իմ առաջին ձայնասկավառակն էլ կոչվեց «Օվկիանոսից այն կողմ»:

Պատերազմի ազդեցությունն ու «Արցախի» պատմությունը

Իմ ամենամեծ անդրադարձը ստեղծագործության տեսքով Արցախյան պատերազմին հենց «Արցախ» երաժշտությունն է: Այն մի ամբողջական պատմություն է, որ կարող եմ ծայրից ծայր պատմել:

Սկսվում է տագնապային, հետո գալիս է սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմով դանդաղ հատվածը, որ վատ լուրն է: Տագնապն ու վատ լուրը եկավ, որ մեզ վրա հարձակվել են: Դհոլներով մենք ոտքի կանգնեցինք: Հետո արդեն մարտական գործողություններն են, որից հետո գալիս է դուդուկի հատվածը, որ մենք ունենք զոհեր, Եռաբլուր, իսկ վերջում արդեն հաղթական ավարտը: Սա մեր չավարտված ազատամարտի առաջին փուլի պատմությունն է:

Այս ամենը շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Իմ ստեղծագործությունները կոչվում են մեր քաղաքների, մեր տարածքների անունով: Իմ երաժշտությունների մեջ որը տխուր է, ուրեմն այդ տարածքը գտնվում է այժմյան Թուրքիայի տարածքում, իսկ որն ուրախ է, ապա մեր այստեղի քաղաքների մասին է: Այսպիսով կարելի է այդպես որոշել, թե ինչպիսին է իմ երաժշտությունը»:

Արա Գևորգյանը՝ մեջտեղում
Իրական մարտի դաշտից’ մշակութային դաշտ. Արա Գևորգյանի «պատերազմն» ադրբեջանցիների հետ նաև իր ստեղծագործությունների շուրջ են

«Արցախ» երաժշտությունը մտավ իմ «ԱՆԻ» ձայնասկավառակի մեջ, որը լույս տեսավ 1999 թվականին: Ես իմ բոլոր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պահում եմ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Մի շարք արտասահմանյան հեղինակային իրավունքները պաշտպանող ընկերությունների անդամ եմ ու իմ երաժշտությունները պահպանված են հնարավոր բոլոր ձևերով: 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիի և 2006-ին Թուրինի Օլիմպիական խաղերի ժամանակ հնչեց իմ «Արցախ» երաժշտությունը ու հայտարարվեց՝ հեղինակ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում